Քաղաքական քաշքշոցի մեկնարկը տրված է
Analysis2017 թ. Աժ ընտրություններին դեռ բավականին ժամանակ կա, բայց քաղաքական կուսակցություններն արդեն սկսել են ոչ միայն ներքին ինվենտարիզացիա անել, այլև կուսակցություններից դուրս գործընկերներ փնտրել:
Ամենաուշագրավը, սակայն, այն է, որ չնայած բոլորն էլ լավ գիտեն, թե մեր երկրում որ ինստիտուտի ձեռամբ կամ ինչ սկզբունքով են կուսակցությունները հայտնվում ԱԺ-ում կամ մնում ԱԺ ճաղավանդակներից այն կողմ, այնուամենայնիվ և «համենայն դեպս», փորձում են այնպիսի կեցվածք ընդունել, թե իրենք են այն ամենա-ամենան, որի շուրջ պետք է համախմբվեն մնացած քաղաքական ուժերը:
Դեռևս Սահմանադրական հանրաքվեից առաջ ՕԵԿ-ը թմբկահարում էր, թե այնքան է մեծացել, որ հազիվ կարողանա իր աշխարհացունց նախագծերն իրականացնել: Սակայն ՕԵԿ-ական ալիքն ինչ տեմպով սկսվեց, նույն տեմպով էլ մարեց ու կրկին պարզ դարձավ, որ դա Արթուր Բաղդասարյանի հերթական չստացված բլեֆն էր, իսկ կուսակցությանը բազմապիսի հասարակական կազմակերպություններ միանալու գործընթացի օգտակար գործողության գործակիցը կրկին զրոյից չաճեց:
Մասնատված ԲՀԿ-ն էլ իր հերթին է փորձում ավերակների վրա նոր «ուղի» կառուցել: Չնայած բոլորի համար էլ պարզ է, որ ԲՀԿ-ն այլևս նախկին ֆինանսական ռեսուրսները չունի, այսինքն՝ դեռ մեծ հարցական է թե հաջորդ խորհրդարանում այն կլինի՞ թե՞ ոչ, բայց չի վարանում ասել, որ հաջորդ ԱԺ-ում մեծամասնություն ունենալու մեծ ախորժակ ունեի:
Դե, ինչպես ասում են, դեռ կապենք ու կտեսնենք, թե ԲՀԿ-ի թափից ինչ է այսօր մնացել: Ծվեն-ծվեն եղած «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցություններն էլ իրենց մայր գրասենյակներով խուճապի մեջ հայտնվելու բավական հիմքեր ունեն, բայց նրանք էլ կարծում են, թե իրենք ինչպես միշտ, ընդմիշտ են:
Մնացին նոր կուսակցություններն ու ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը: Այստեղ էլ կարծես ամեն ինչ չէ, որ հարթ է: Նորերն իրենց «ֆիշկաներն» են փնտրում, նորաստեղծ դաշինքն էլ հեռվից հաշվարկ է անում, թե այս անգամ ում պետք է նստեցնի պատգամավորի աթոռին:
Բայց հանուն անկեղծության ասենք, որ այս խաղն այնքան է պրիմիտիվացել, որ բավական անհետաքրքիր է դարձել:
Մնում է միայն հույս փայփայել, որ 2017-ի ԱԺ-ն մի քիչ ավելի նորացված կլինի, չնայած հին ավանդույթներին հրաժեշտ տալն էլ առանձնապես հեշտ չի լինի: Մեկ բառով՝ ով ուզում է նստի ու ով ուզում է ղեկավարի, միայն թե ժողովրդին կեղեքելու հաշվին հարստացողներն էլ իրենց հասանելիք «աթոռներին» նստեն:
Հակառակ դեպքում, ամեն ինչ կմնա նույնը՝ նույն երգերը, նույն զուռնան ու դհոլը: Ծափ տվողների հարցն է միայն հարցական, այն էլ կոմերիտականների սկզբունքով, ինչպես միշտ, բերման կենթարկեն: Այնպես որ, ավելի լավ է եղածին լուրջ չվերաբերվել, քանի որ ամեն ինչ պարզ է, ինչպես 2 անգամ 2-ը:
Արմինե Գրիգորյան