Երեխաներին պետք է սովորեցնել՝ ինչպես զերծ մնալ համացանցային հանցագործների զոհը դառնալուց. փորձագետ
SocietyԱյս տարի Ապահով համացանցի միջազգային օրը նշվում է փետրվարի 9-ին: Այդ առիթով «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում «Ապահով համացանց» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը և «Ինտերնետ կառավարման» խորհրդի քարտուղար Գրիգորի Սաղյանը «Ապահով համացանց և երեխաների առցանց պաշպանվածություն» թեմայով հանդիպում էին կազմակերպել լրագրողների հետ։ Ասուլիսի ընթացքում բանախոսները խոսեցին Երևանում և շրջաններում մեկնարկելիք միջոցառումների, «Ապահով համացանց» ծրագրի նպատակի, ինչպես նաև ուսման մեջ և առօրյա կյանքում նոր տեխնոլոգիաների ապահով և արդյունավետ օգտագործման միջոցների մասին։
Գ. Սաղյանի խոսքով՝ ցանցի ապահովությունը կախված է մի քանի գործոններից՝ տեխնիկական և բովանդակային: Եվ եթե առաջինի դեպքում դրանով զբաղվում են մասնագետները, ապա երկրորդի դեպքում պատկերը մի փոքր այլ է. «Բովանդակային բաղադրիչը բաղկացած է երկու մասից, որոնից մեկը բարոյական բաղադրիչն է, երկրորդը՝ հանցագործությունների հետ կապված բաղադրիչը: Անհրաժեշտ է տարանջատել, թե ինչն է համացանցում համարվում հանցագործություն և կապ հաստատելով իրավապահ մարմինների հետ, այդ մասին տեղեկացնել նրանց»,- ասում է Գ. Սաղյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ անձնական տվյալների պաշտպանության համար մեր երկրում արդեն գործում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենք, իսկ արդարադատության նախարարությունում ստեղծվել է այդ հարցերով զբաղվող համապատասխան ստորաբաժանում: Մասնագետի կարծիքով՝ կարևոր է նաև բովանդակության պաշտպանությունը, քանի որ ինտերնետային բովանդակությունից առանց վճարելու օգտվելու հնարավորությունը նվազեցնում է բարձրարժեք բովանդակություն ունեցող նյութերի արժեքը: Խոսելով հարցի բարոյական կողմի մասին՝ Գ.Սաղյանն ասում է, որ դժվար է ասել, որ բովանդակության օգտագործումը հանցագործություն է, բայց նպատակահարմար չէ ուրիշի ստեղծած բովանդակությունը տարածելը:
«Փոքր տարիքից պետք է երեխաներին սովորեցնել հարգել ուրիշի հեղինակային իրավունքը: Իսկ ծնողի դերն այստեղ այն է, որ օգնի երեխային, որ նա, տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով միանալով համացանցին, զերծ մնա վնասակար բոլոր տեսակի ազդեցություններից, այդ թվում նրանցից, որը հանցագործություն չէ, բայց կարող է ազդել երեխայի հոգեբանության վրա»,- ասում է Գ.Սաղյանը:
Նրա կարծիքով՝ կարևոր է նաև երեխաներին սովորեցնել զերծ մնալ համացանցային հանցագործների զոհը դառնալուց, քանի որ անծանոթների հետ համացանցային շփումները կարող են բավականին վտանգավոր լինել երեխաների համար: Բանախոսները տեղեկացրեցին նաև, որ «Ապահով համացանց» ծրագիրը միջոցառումների համալիր է, որն ամենօրյա աշխատանք է պահանջում և այդ առումով ՀՀ կառավարությունն ի դեմս տրանսպորտի և կապի նախարարության դիմել է Հեռարձակողների միջազգային միությանը, որպեսզի Հայաստանը նույնպես կարողանա մշակել համացանցային անվտանգության հայեցակարգ, որը թույլ կտա այդ ոլորտը բոլոր ուղղություններով զարգացնել Հայաստանում:
Ա. Գրիգորյան