Հայաստանն ու Չեռնոգորիան խորացնում են փոխգործակցությունը ներդրումների ներգրավման և զբոսաշրջության ոլորտներում
EconomicsՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվելու է զբոսաշրջության բնագավառում համագործակցության, ինչպես նաև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրեր:
Համաձայնագրերի նախագծերին հավանություն տալու մասին հարցերն ընդգրկված է են ՀՀ կառավարության փետրվարի 11-ի նիստի օրակարգում:
Զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև այս ոլորտում իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն ու առավել սերտ համագործակցության ապահովմանը, ինչն էլ կնպաստի երկու պետություններում զբոսաշրջության կայուն զարգացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:
Համաձայնագրի հաստատմամբ հնարավոր կլինի ստեղծել պայմաններ` ուղղված երկու պետությունների միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերի դյուրացմանը` երկու երկրների օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագրի շրջանակներում կողմերը միմյանց կօժանդակեն զբոսաշրջության բնագավառի կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում և կխրախուսեն երկու երկրների զբոսաշրջային օպերատորների ու լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպումը:
Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը:
Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն: