Հակակոռուպցիոն պայքարի մեջ հասարակության ներգրավածությունը կարևոր է
SocietyՀակակոռուպցիոն ծրագրերին հասարակության լայն շերտերի ընդգրկումը կարևոր է: Կառավարությունը պետք է կոչ անի հակակոռուպցիոն ծրագրերին մասնակցել նաև հանրությանը:
Լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
«Քչերը գիտեն, որ դրամաշնորհի տրամադրման պարտադիր պայմանը ոչ թե իշխանությանն ու կառավարությանը հակակոռուպցիոն դրամաշնորհ հատկացնելն է, այլ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ հասարակության լայն շերտերի ընդգրկումը, որի մեջ մտնում են նաև հասարակական կազմակերպություններն ու մամուլը, ընդ որում կարող եմ ասել, որ Հայաստանում մեծ դիվերսիֆիկիացիա կա, և դու չես կարողանում որոշել, թե ում օգտին է աշխատում մամուլ: Այդպատճառով հանրային շրջանակների ընդգրկումը այդպիսի ծրագրերին անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է»,- ասաց Սեդրակյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց, որ կառավարությունը, մասնավորապես, վարչապետը նշել է, թե Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերին ներգրավվել ցանկացողների համար դռները բաց են:
«Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված միջազգային համաձայնագրերը անպայման կնպաստեն, որպեսզի երկրում ներդրումային դաշտը բարելավվի, ներդրումներն ավելանան: Այս համատեքստում էլ հակակոռուպցիոն աշխատանքները արդյունավետ կլինեն»,- ասաց պատգամավորը:
Աճեմյանը նշեց, որ ինչպիսին երկրի քաղաքականությունն է, դրան զուգահեռ զարգանում է տնտեսությունը: Տնտեսությունը և քաղաքականությունը 21- րդ դարում իրար հետ շաղկապված են, և չի կարելի քաղաքական գործընթացները զարգացնել, իսկ տնտեսությամբ ետ մնալ: Այդ առումով, իհարկե, մենք խնդիրներ շատ ունենք, բայց որպեսզի մեր գործընկերությունն ավելի զարգանա, ՀՀ իշխանությունները պետք է բարենպաստ պայմաններ ու միջավայր ստեղծեն և կարողանան ճիշտ և գրագետ պայքարել կոռուպցիայի դեմ: