«Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրն օգտակար կլինի արդարադատության ոլորտում բարեփոխումների համար
SocietyՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանն ընդունել է արդարադատության ոլորտի ուսումնասիրության համար Հայաստանում գտնվող «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի փորձագետներին:
Ծրագրի տնօրեն Վ.Գրոմլյուկը և խմբի ղեկավար Է.Սվանիձեն ներկայացրել են փետրվարին մեկնարկած ծրագրի հիմնական նպատակներն ու անելիքները:
«Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրը Հայաստանում արդարադատության ոլորտի ուսումնասիրության ուղղությամբ աշխատանքները կշարունակի մինչև 2018թ.-ը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը, հանդիպմանը քննարկվել է ծրագրի շրջանակում համագործակցությունը ՀՀ արդարադատության համակարգի, այդ թվում՝ ՀՀ դատախազության հետ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը ողջունել է մոնիտորինգային խմբի աշխատանքը՝ բարձր գնահատելով արդյունավետ համագործակցության հնարավորությունը:
Ծրագրի տնօրեն Վ. Գրոմլյուկի խոսքով, «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված առաջարկությունների փաթեթը օգտակար կլինի արդարադատության ոլորտում բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու համար: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել երկամյա ծրագրի իրականացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի արդյունքներն ամփոփել համատեղ քննարկման միջոցով: