Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանին մոտ գործող «Արազ» ազատ առևտրի գոտի
EconomicsՀայ-իրանական սահմանի մոտ գտնվող «Արազ» ազատ առևտրի և արդյունաբերության գոտին պատրաստ է հայկական և իրանական մասնավոր հատվածների համատեղ ներդրումների ներգրավմանը:
Ինչպես հաղորդում է իրանական «Մեհր» գործակալությունը, այս մասին Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ-Բաղին:
Իրանցի պաշտոնյան կարևորել է գործարար կապերի ընդլայնման գործում դեսպանների դերը և շեշտել, որ սահմանի երկու կողմերում առկա հումքի հիման վրա համատեղ ներդրումների և արտադրության կազմակերպումն էական խթան կհանդիսանան երկկողմ տնտեսական կապերի զարգացման համար:
Նա նաև հրավիրել է հայ գործարարներին այցելելու իրենց ազատ առևտրի գոտի և շեշտել, որ իրենք կտրամադրեն համապատասխան մասնագետների հայ գործարարներին տվյալ գոտում ներդրումների առավելությունները ներկայացնելու համար:
Դեսպան Թումանյանն իր հերթին շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարող են հավելյալ խթան դառնալ հայ ներդրողների համար «Արազ» գոտում գործունեություն ծավալելու առումով:
Հայ դիվանագետն անդրադարձել է նաև Արաքս գետի աղտոտման խնդրին` ընդգծելով, որ դա Հայաստանի համար այնքան կարևոր է, որքան Իրանի և շեշտել, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը խնդրի կարգավորման համար:
Արտաշես Թումանյանն այցելել է նաև «Արազ» գոտում գործող ջերմոց և մի շարք արտադրություններ: