Միջազգային հանրությունն ընկալում է ԼՂ հակամարտության կարգավորման Հայաստանի դիրքորոշումը. Էդվարդ Նալբանդյան
International newsՀայաստանը ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահ երկրների հետ շարունակում է համատեղ ջանքերը Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «2009-2013թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված 5 կարևորագույն համատեղ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ վերահաստատում են, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն այսօր լիակատար ընկալում է գտնում միջազգային հանրության կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Չնայած Ադրբեջանում ամենաբարձր մակարդայով հնչող սադրիչ և ռազմատենչ հայտարարություններին, խաղաղությունը խաթարելու փորձերին՝ միջազգային հանրությունը շարունակում է ջանքերն Ադրբեջանին կառուցողական դաշտ հետ բերելու նպատակով: «Դրա մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին կոչերը»,- նշեց Նալբանդյանը:
Նախարարն ընդգծեց, որ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն են ուղղված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների' համանախագահ երկրների նախագահների նախաձեռնությամբ կազմակերպված՝ օգոստոսին' Սոչիում, սեպտեմբերին՝ Նյուպորտում կայացած և հոկտեմբերին Փարիզում կայանալիք հանդիպումները: