Արման Թաթոյանն անդրադարձել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին
SocietyԱնձի քաղաքական բանտարկյալ լինելու մասին հետևություններ անելու համար հարկավոր է առաջին հերթին անդրադառնալ դա բացահայտող չափանիշներին: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ներկայացնելու հարցի քննարկմանն այս մասին ասաց ՄԻՊ-ի թեկնածու Արման Թաթոյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ:
«Այդ չափանիշները մշակել և ներկայացրել են թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը: Եբր Հայաստանն ու Ադրբեջանը 2001թ. անդամակցում էին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, այնտեղ նման բանաձև էլ կար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Թաթոյանը:
Նա մանրամասնեց, որ անձը կարող է քաղաքական բանտարկյալ համարվել, եթե նրան ազատությունից զրկելու հետ կապված տարբերություններ կամ խտրական մոտեցում կա: «Սակայն, որպեսզի ես կարողանամ հստակ հարցով դիրքորոշում հայտնել, արդյոք այդ սկզբունքների կիրառությամբ կոնկրետ դեպքում անձին կարո՞ղ են կոչել քաղաքական բանտարկյալ, պետք է տիրապետեմ գործի հանգամանքներին: Այս պահին ես չեմ կարող գնահատական տալ, որովհետև գործի հանգամանքներին չեմ տիրապետում»,- հավելեց Արման Թաթոյանը: ՄԻՊ-ի թեկնածուն նաև ընդգծեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում գնահատական տալու համար պետք է ուսումնասիրվեն գործի հանգամանքները: «Այնպես որ, ես այս պահին իրավասու չեմ և չեմ էլ տիրապետում որևէ գործի հանգամանքներին, որպեսզի կարողանամ գնահատական տալ»: