Երեխայի ծննդյան նպաստի անկանխիկ եղանակով տրամադրման գործընթացում ընդգրկվել է ևս մեկ բանկ
SocietyԵրեխայի ծննդյան միանվագ նպաստը 2016թ. հունվարի 1-ից վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով: Նպաստի գումարը կարող է վճարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկերից մեկում բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով (եթե ներկայացվել է շահառուի բանկային հաշվի համարը): Եթե անձը բանկում չունի բանկային հաշիվ, ապա նպաստի գումարը փոխանցվում է բանկին: Բանկը շահառուի անվամբ բացում է բանկային հ աշիվ և այդ հաշվին է մուտքագրում նպաստի գումարը, որից հետո շահառուն կարող է անձնագրով ներկայանալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ գումարը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, 2016 թվականի մարտի 1-ից վերոնշյալ ընթացակարգով նպաստը վճարվելու է նաև ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով: Ավելի վաղ գործընթացին միացել էին Հայբիզնեսբանկն ու Հայէկոնոմբանկը:
Պայմանագիր կնքած բանկերի ցանկին կարելի է ծանոթանալ Ծառայության տարածքային բաժիններում և Ծառայության կայքում: