ԵՏՀ խորհուրդը հավանության է արժանացրել ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկա ձևավորելու հայեցակարգը
EconomicsԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգին:
Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը: Ներկայացնելով հայեցակարգի նախագիծը` ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով նախարար Դանիլ Իբրաևը նշել է, որ փաստաթուղթը մշակվել է ԵԱՏՄ համաձայնագրին համապատասխան: ԵԱՏՄ պայմանագրի համաձայն` միության ընդհանուր գազի շուկա ձևավորելու հարցը պետք է ուսումնասիրվի և համապատասխան հայեցակարգը ներկայացվի մինչև 2016թ., իսկ մինչև 2018թ. հունվար պետք է ներկայացվեն գազի ընդհանուր շուկա ստեղծելու ծրագրերը: Դրանից հետո միության անդամ երկրները միջազգային պայմանագիր կստորագրեն ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին, որն ուժի մեջ պետք է մտնի 2025թ. հունվարի 1-ից ոչ ուշ:
«Փաստորեն, այս հայեցակարգի մշակումը շատ կարևոր որոշում է, քանի որ մենք առաջին անգամ դուրս ենք գալու մրցակցային շուկա և ներկայացնում ենք այնպիսի ապրանքի առևտրի շուկայական սկզբունքներ, ինչպիսին բնական գազն է: Սա հատկապես կարևոր է այն առումով, որ հայեցակարգի դրույթների հետ համաձայնել են գազային շուկայի հիմնական խաղացողները, ինչն ապացուցում է ջանքերը վերազգային մակարդակ ուղղելու իրավացիությունը»,- ասել է Իբրաևը:
Նա հավելել է, որ գազի ընդհանուր շուկա ստեղծելու նպատակը ԵԱՏՄ տարածքում գազի ազատ մատակարարումը, գազատրանսպորտային ենթակառուցվածքների հասանելիության, գազի գների կայունացման ապահովումն է: