Ինչո՞վ է վրացին պակաս հրեայից
AnalysisՎրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայում Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի մոտ տարօրինակությունները գնալով այնքան են շատանում և ընդգծվում, որ արդեն կարող են հետաքրքրել նաև առողջապահության ոլորտի մասնագետներին: Դեռ մեկ շաբաթ առաջ Սաակաշվիլին ամբողջ Ռուսաստանը գրավելու մասին էր խոսում, իսկ հիմա ավելի հետաքրքիր բան է ասում՝ ասում է, թե հրաժարվում է դառնալ Ուկրաինայի նախագահ, չի պատրաստվում պայքարել պետության ղեկավարի պաշտոնի համար և մասնակցել ընտրություններին:
Սովորաբար, մի բանից հրաժարվում են, երբ առաջարկ են ստանում, իսկ մի՞թե Սաակաշվիլիին ընդհանրապես որևէ մեկը նման բան առաջարկել է, կամ Ուկրաինայում որևէ մեկը կուզի նրան տեսնել այդ պաշտոնում: Չեմ կարծում, թե կուզի, բայց քանի որ ինքն առաջինն է իր մասին նման հայտարարություն արել, ուրեմն երևի թե դրանով հասկացնել է տվել, որ իրականում իրեն տեսնում է որպես նախագահ, բայց ինքնաառաջադրել չի պատրաստվում, սպասում է, որ իր փոխարեն ուրիշներն իրեն առաջադրեն: Չի բացառվում, որ մտածում է նաև հետևյալ տրամաբանությամբ՝ եթե այս երկիրը կոչվում է Ուկրաինա, սակայն երկրի գործող նախագահը Վալցման-Պորոշենկոն է, այսինքն՝ կարող է լինել ազգությամբ հրեա, ապա ինչու նույն երկրում չի կարող նախագահ դառնալ ազգությամբ վրացին: Ինչո՞վ է վրացին պակաս հրեայից: Իսկապես տրամաբանական հարց կարող էր լինել:
Թե իրականում ինչ է մտածում Սաակաշվիլին, կիմանա միայն ինքը, բայց դե մարդն արդեն նախագահ լինելու փորձ ունի, ճաշակել է նախագահական աթոռի համը (ինչպես նաև՝ փողկապի համը) և չի բացառվում, որ մեկ անգամ փորձած լինելով՝ գոնե ներքուստ, իր հոգու խորքում ցանկություն ունենա մեկ անգամ էլ փորձել:
Անդրանիկ Բարսեղյան
Orer.am, վերլուծաբան