Վերաքննիչ դատարանն վերսկսել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն իրականացնելու գործով քննությունը
SocietyԱյսօր՝ փետրվարի 17-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Ռուզաննա Բարսեղյանի, տեղի ունեցավ Ն.Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը,- հայտնում է Orer.am-ը:
Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Նիստի ընթացքում փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանին ներկայացրեց տուժող Կարեն Սաղաթելյանի և վկա Խաչատուր Հովակիմյանի ցուցմունքների անարժանահավատությունը ապացուցող փաստեր (Խաչատուր Հովակիմյանը Կարեն Սաղաթելյանի անմիջական ղեկավարն է):
Վճռաբեկության կարգով վերսկսված դատաքննության ընթացքում պաշտպանական ճառում փաստաբաններ Արա Զոհրաբյանը և Թամարա Բաղդասարյանը, դիմելով դատարանին, պահանջեցին բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. օգոստոսի 6-ի դատավճիռը, որով Ն. Հակոբյանը դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման՝ հռչակելով Ն. Հակոբյանի անմեղությունը:
«Վերլուծելով մյուս վկաների, ինչպես նաև տուժողի կողմից տված ցուցմունքները ու մեղադրող- վկայի, պայմանական այդպես անվանենք, կարծում եմ, որ դրանք չի կարելի արժանահավատ համարել: Արժանահավատության վերաբերյալ Վճռաբեկ դատարանը ներկայացրել է իրավական դիրքորոշում և սահմանել է մի շարք չափանիշներ:
Իմ վստահորդը մեղադրվում է, որ ոտքով հարվածել է տուժողի նստատեղին ու այդ հարվածելու պահը իբր տեսել է վկա Խաչատուր Հովակիմյանը:
Վերջինս հարցուպատասխանի արդյունքում նկարագրել է իմ վստահորդի դիրքը: Եթե փորձենք խոսքերով պատկերավոր ներկայացնել ցուցմունքը, իմ վստահորդի ձախ ուսը եղել է դեպի Սարյան փողոց ու հենց այդ դիրքով է նա փորձել հարվածել, մինչդեռ վկա Էդգար Գաֆիցան, ով նույնպես ոստիկան է, և գտնվել է տուժողի կողքին, նրանք երկուսով կքանստել են, որպեսզի վկա Հարություն Աղլամազյանին բերման ենթարկեն:
Է.Գաֆիցան իր ցուցմունքում նշել է, որ չի նկատել, թե ինչպես է Ն. Հակոբյանը հարվածել ոստիկանին: Նկատենք, որ Է. Գաֆիցայի կողմից նկարագրված դիրքն էականորեն հակասում է Խաչատուր Հովակիմյանի նշած դիրքին»,- նշեց Արա Զոհրաբյանը՝ դատարանին մատնանշելով գործում առկա ապացույց լուսանկարները և տեսանյութերը:
Պաշտպանական կողմը հայտնեց նաև, որ առաջին ատյանում քննված գործի շրջանակներում հարցաքննվել է դատաբժշկական փորձաքննություն իրականացնող Արսեն Բաբայանը, ով խուսափողական պատասխաններ է տվել կողմերի հարցերին, այդ թվում՝ չի պատասխանել այն հարցին, թե ինչպես կարող էր սպորտային կոշիկը պատռել համազգեստը: Բաբայանը միայն հաստատել է այն փաստը, որ մեքենայի դիմացի երկաթյա մասը կարող էր պատռել ոստիկանական համազգեստը:
Նիստի ընթացքում բարձրաձայնվել է նաև այն հանգամանքը, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներում պարզ չէ՝ ի՞նչ մեթոդով է տուժողը ենթարկվել փորձաքննության, որը նույնպես կասկածի տակ է դնում Ն.Հակոբյանի մեղավորությունը:
Դատավոր Ռուզաննա Բարսեղյանը հարցրեց պաշտպանական կողմին՝ արդյո՞ք կարող էր սպորտային կոշիկը պատռել ոստիկանական համազգեստը, որին ի պատասխան, պաշտպանական կողմը հայտնեց, որ իրենց համար էլ մինչև այս պահը հայտնի չէ այդ փաստը. որևէ հերքող կամ բավարարող պարզաբանում այդ հարցին մեղադրող կողմից չի տրվել: Դատարանի համար պարզ չէր, թե ինչու գործին չի կցվել պատռված ոստիկանական համազգեստը՝ որպես ապացույց:
Նիստին հերթական անգամ չէր ներկայացել մեղադրող Ռ. Հայրապետյանը, սակայն պատշաճ ծանուցվել էր: Տեղեկացնենք, որ Խ. Հովակիմյանի նախաքննության եւ դատաքննության փուլերում տված ցուցմունքներն էականորեն տարբերվել են իրարից, ինչն ինքնին ապացուցում է Ն. Հակոբյանի անմեղությունը:
Հիշեցնենք, որ Ն. Հակոբյանը մեղադրվում է 2014թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի անհիմն թանկացման համար ինքնաբուխ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանին ոտքով հարվածելու, վերջինիս տաբատը պատռելու և մարմնական վնասվածք պատճառելու մեջ: