Ինչի՞ վրա է Քիմ Քարդաշյանի ամուսինը ծախսել իր միլիոնները (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Օրերս ռեփեր-դիզայներ Քանիե Ուեսթը հայտարարեց 53 մլն դոլարի կորստի մասին։ Հագուստների իր նոր հավաքածուի ցուցադրությունից հետո նա թվիթերում դիմել էր Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին եւ խնդրել մեկ մլրդ դոլարի ներդրում անել։
Ավելի ուշ նա հայտնեց, որ բավարար միջոցներ ունի, սակայն իրեն անհրաժեշտ են «մեծ փողեր, որպեսզի կարողանա աշխարհին ուրախացնել իր հրաշալի նախագծերով»։
Կատակը մի կողմ, բայց տարբեր աղբյուրներից ելնելով, Քանիեի կարողությունը գնահատվում է 140 մլն դոլար։
Նա այն վաստակել է 2000-ականների սկզբին` թողարկելով հինգ ալբոմ եւ բացելով Fatburger ռեստորանների ցանցը, թողարկելով կոշիկների մի քանի հավաքածու։
Forbes-ի գնահատմամբ, միայն վերջին երկու տարիներին նա վաստակել է 52 մլն դոլար։
Պարզվում է, Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթն ունեն առանձին բյուջե։ Քիմը վերջին երկու տարվա ընթացքում վաստակել է 81 մլն դոլար։
Այսպիսով, ինչի՞ վրա է իր փողերը ծախսում Քանիե Ուեսթը.
Քիմ Քարդաշյանի հետ հարսանիք.
2014թ. մայիսին կայացած հարսանիքը զույգի վրա կլորիկ գումար է արժեցել, որի մեծ մասը վճարել է Քանիեն։ Մինչ այդ նա Քիմին երեք միլիոն դոլարի արժողության ամուսնական մատանի է նվիրել։Այս ամենը համապատասխանում է արարողության մասշտաբներին. վարձակած երկու ինքնաթիռները հարյուրավոր հյուրերի Փարիզից Ֆլորենցիա էին տեղափոխում, իսկ պատմական Ֆորտե դի Բելվեդերի ամրոցի վարձակալումը զույգի վրա արժեցել է 409 հազար դոլար։ Հյուրերին օդանավակայանից ամուսնության վայր տեղափոխող 50 մեքենաների վարձակալումն արժեցել է 70 հազար դոլար, դե իսկ Քիմի հարսանեկան զգեստը կես միլիոն է արժեցել։
Նվերներ.
Քանիեն գումար չի խնայում հարազատների եւ ընկերների նվերների համար։ 2012-ին նա իր վաղեմի ընկերոջ Ջեյ Զիին 34 հազար դոլարանոց մատանի նվիրեց, որը ռեփերին հասցրին մասնավոր ինքնաթիռով։
Սիրելի կնոջ համար նա ձեռք է բերել Hermes-ի երկու թանկարժեք պայուսակ։ 2013թ. Սուրբ Վալենտինի օրը նա Քիմին հազար վարդ նվիրեց, որից հետո տարվա ընթացքում մի քանի անգամ նվիրել է հարյուր վարդ։ Նախորդ Ամանորին նա Քիմին 39 հազար դոլարանոց մուշտակ նվիրեց։ Իրենց հարաբերությունների տարիներին նա Քիմին նմանատիպ 150 նվերներ է մատուցել։
Անշարժ գույք.
2013 թ. Ուեսթը Լոս Անջելեսում ձեռք բերեց 11 մլն արժողությամբ առանձնատունը, որն ունի առանձին մարզասրահ, կինոթատրոն, գեղեցկության սրահ, բոուլինգ, բասկետբոլի դահլիճ եւ երկու լողավազան։
Բացի այդ, Քանիեն Նյու Յորքում 4,5 մլն արժողությամբ բնակարան ունի։
Վերջերս հայտնի դարձավ, որ ընտանիքը 20 մլն-ով ձեռք է բերել եւս մեկ տարածք Քալիֆորնիայի Hidden Hills թաղամասում։


