Երվանդ Զախարյանն ու Միխայիլ Միխադյուկը քննարկել են ատոմային էներգետիկայի խնդիրները
EconomicsՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փետրվարի 18-ին հյուրընկալել է Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Միխայիլ Իվանովիչ Միխադյուկին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգում, մասնավորապես, ատոմային, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության ոլորտներում իրականացվող ծրագրերը: Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ Հայաստանը պատրաստվում է մինչև 2027թ. կառուցել նոր միջուկային էներգաբլոկ՝ 600 մեգավատ հզորությամբ, իսկ մինչև այդ աշխատանքներ են տարվում ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու ուղղությամբ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բելառուսում կառուցվում է նոր ատոմային էլեկտրակայան` զրուցակիցները հանգամանորեն անդրադարձել են ատոմային էներգետիկայի խնդիրներին՝ կարևորելով համագործակցությունը հատկապես կադրերի վերապատրաստման, փորձի փոխանակման ոլորտում և նորմատիվատեխնիկական դաշտում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև փետրվարի 19-ին Երևանում կայանալիք Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ստորագրվելիք «Բելառուսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ատոմային էլեկտրաէներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրին:
Հանդիպման ավարտին Միխայիլ Իվանովիչ Միխադյուկը հրավիրել է նախարար Զախարյանին Բելառուսի Հանրապետություն՝ տեղում ծանոթանալու երկրի էներգետիկ համակարգին: