ԿԲ-ն գնաճային ճնշումների բացակայության դեպքում կրկին կիջեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը
EconomicsՀՀ կենտրոնական բանկը դրսից ու ներսից եկող գնաճային լրացուցիչ ճնշումների բացակայության պայմաններում դրամավարկային քաղաքականության թուլացման ռազմավարությունը կշարունակի ապագայում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:
«Այսինքն` առաջիկայում սպասելու ենք դոլարի արժևորման» դիտարկմանն ի պատասխան` ԿԲ ներկայացուցիչը նշեց. «Մեր քաղաքականությունը նաև ուղղված է նրան, որ ֆինանսական շուկայում հնարավորինս ցնցումներ չլինեն: Այն, որ մենք գնաճային թույլ ճնշումների պարագայում ընդամենը 0.25 տոկոսային կետով իջեցրինք վերաֆինանսավորման տոկոսադրույքը, թելադրված է նաև այդ մտահոգություններով: Քանի որ մեր տնտեսությունը բավականին դոլարացված է, դրա համար մեր բնակչության մոտ կան սպասումներ: Դեռևս բարձր են սպասումները դրամի արժեզրկման ու գնաճի ուղղությամբ: Այս պա յմաններում դրամավարկային քաղաքականության ցանկացած թուլացում և դրամի գնի կրճատումը տանում է դոլարայնացման աճի»:
Սրանով է պայմանավորված այն, որ ազատ դրամային ռեսուրսներ ունենալու պարագայում ոչ միայն անհատ քաղաքացիները, նաև իրավաբանական անձինք, այդ թվում` բանկերը, դրամը վեր են ածում դոլարի ու շուկայում դրամի արժեզրկման ճնշումը մեծանում է: «Մենք շատ զգուշավոր ենք, քանի որ դրամի արժեզրկումը իր հետևից բերում է նոր բացասական հետևանքներ, մեր քաղաքականությունը փորձում ենք իրականացնել` ապահովելով և գների կայունություն, և ֆինանսական կայունություն»,-հավելեց պաշտնոնյան: