Սևան Նիշանյանի գործով դատական նիստը կկայանա առաջիկա շաբաթվա ընթացքում
SocietyՊոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի գործով դատական նիստը կկայանա փետրվարի 25-ին: Նիստի ժամանակ կքննվի Նիշանյանին բաց ռեժիմի բանտ տեղափոխելու հարցը:
Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
2016 թվականի հունվարին լեզվաբանը Սուլթանհիսարի բաց ռեժիմի բանտից, որտեղ պատիժը կրում էր 2015 թվականի սեպտեմբերի 24-ից ի վեր, տեղափոխվել էր նույն բանտի փակ ռեժիմի հատված: Բանտի տնօրինությունը որոշումը պայմանավորել էր նրանով, թե մտավորականը խախտել է բանտի կանոնները: Ավելի ուշ Նիշանյանի փաստաբանը տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալին տեղափոխել են պատժիչ խուց: Ընդ որում, այդտեղ անցկացված օրերի քանակով Նիշանյանի ազատազրկման ժամկետը երկարացվելու է:
2014 թվականի հունվարից 11 տարի ժամկետով ազատազրկման մեջ գտնվող Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ օրինականորեն իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել:
Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության սխալների հրապարակային քննադատությամբ: Նա նաև Թուրքիայում մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության իրողության մասին: