Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին են որպես գործընկեր և ընկեր. Ջոն Քերին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
International newsՀայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԱՄՆ պետդեպի պաշտոնական կայքը, շնորհավորական ուղերձում ասվում է. «Նախագահ Օբամայի և ԱՄՆ ժողովրդի անունից ես ուրախ եմ լավագույն մաղթանքներս հղել Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին անկախության 23-րդ տարեդարձը տոնելու կապակցությամբ:
Խորը կապերն ԱՄՆ և Հայաստանի միջև ամուր են: Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր գործընկերությունը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում' ներառյալ համագործակցությունն անվտանգության, տնտեսական և ժողովրդավարական զարգացման, ինչպես նաև ժողովրդական շփման հարցերով: Սա միաժամանակ առանձնահատուկ հնարավորություն է պատվելու այն հայերի կամ ամերիկահայերի նվաճումները, ովքեր իրենց ներդրումն են ունեցել երկու երկրների զարգացման գործում:
Տոնելով անկախության 23-րդ տարին' իմացեք, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին են որպես գործընկեր և ընկեր: Ես շնորհավորում եմ բոլոր հայերին այս կարևոր տոնի առթիվ և մաղթում մեծ հաջողություններ առաջիկա տարում»: