Կաառավարությունը նվազեցնելու է ՀԱԷԿ-ի կանոնադրական կապիտալը
EconomicsՀՀ կառավարությունը կնվազեցնի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 25-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման` գործադիրի որոշման նախագծով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի (վերջինս 100% պետական բաժնեմասով ընկերություն է) սեփականությունը հանդիսացող 6749,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքն օտարվելու է Հայաստանի Հանրապետությանը, որի դիմաց վերջինս համապատասխան թվով բաժնետոմսերով կվճարի ձեռք բերվող գույքի արժեքը և այդ չափով կնվազեցվի ընկերության կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը:
Որոշման նախագծով ՀՀ սեփականությունը անցնող գույքը կամրակցվի ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը:
«ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը գրությամբ դիմել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` խնդրելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող թվով 3 տրանսպորտային միջոցները տրամադրել իրենց, որոնք վերանորոգվելուց և կահավորվելուց հետո կօգտագործվեն ՀՀ մարզերում ստեղծվող հրշեջ հենակետերում՝ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով, որի վերաբերյալ իր դրական դիրքորոշումն է հայտնել նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: