Հայաստանն ու ԱՄԷ-ն կստորագրեն ներդրումների խրախուսման համաձայնագիր
EconomicsՀայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև ստորագրվելու է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության նոր համաձայնագիր:
Համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է գործադիրի փետրվարի 25-ի նիստի օրակարգում:
Հհամաձայնագրում սահմանված են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Այն, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, հնարավորություն կընձեռի հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը:
«Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն:
Նախագիծը ներառում է հոդվածներ` ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, սեփականազրկման կամ օտարման խնդիրների կարգավորման և համապատասխան փոխհատուցումների, պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ»,- ասված է հիմնավորման մեջ:
Նախագծի առանձին հոդվածներով սահմանված են նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու, տևողության և դադարեցման պայմանները, ինչպես նաև գործողության շրջանակները:
Ելնելով վերոհիշյալից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի ստորագրումը: Միաժամանակ, 2002 թվականի ապրիլի 20-ին կնքված գործող համաձայնագրի գործողությունը կդադարեցվի սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից: