Խաչատրյանի անվան տրիոն կմասնակցի Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգին
CultureԽաչատրյանի անվան տրիոն Մոսկվայում ելույթ կունենա Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգին:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյ անը տեղեկացրեց, որ համերգը տեղի կունենա փետրվարի 27-ին Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճում:
«Տարին հագեցած է հոբելյաններով: Մեր առաջին խոշոր ծրագիրը տեղի կունենա Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճում: Մեծ համերգ է կազմակերպվելու, որտեղ ընդգրկված կլինեն հիմնականում Բաբաջանյանի ստեղծագործությունները: Չնայած այն փաստին, որ համերգը նվիրված է Բաբաջանյանին, որոշեցինք ներկայացնել նրա սերնդակից մյուս մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններից: Կհնչեն նաև Միրզոյանի, Հարությունյանի, Սարյանի, Խուդոյանի ստեղծագործությունները»,-նշեց Արմինե Գրիգորյանը:
Նրա խոսքով`համերգի ընթացքում Խաչատրյանի անվան տրիոյին միանալու են նաև այլ արտիստներ: Մասնակիցների թվում են Դմիտրի Տրիֆոնովը (բարիտոն), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Միխայիլ Դավիդովը (բարիտոն), Տուլայի պետական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ալ. Սոլովյով):
«Բազմազան և հետաքրքիր ծրագիր է սպասվում: Կարծում եմ, որ մեր մոսկվաբնակ հայերի համար իրադարձություն կլինի: Մեզ համար շատ կարևոր և պատասխանատու երեկո է, քանի որ տեղի է ունենում հեղինակավոր կոնսերվատորիայի սրահում, որտեղ նաև ուսանել է Բաբաջանյանը: Կոնսերվատորիայի հետ են կապված մեր շատ կոմպոզիտորների անուններ: Պետք է, որ համերգը հետաքրքիր արձագանք ստանա»,-շեշտեց Արմինե Գրիգորյանը:
Նա ընդգծեց նաև, որ համերգին ներկա կլինի Առնո Բաբաջանյանի որդին`Արա Բաբաջանյանը, ով ողջունել է նախագիծը: