Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենը Սոչիում կոնֆերանսի է մասնակցել
SocietyԱրամ Խաչատրյանի տուն- թանգարանի տնօրենը Սոչիում մասնակցել է Արվեստների միջազգային ձմեռային փառատոնի շրջանակում կազմակերպված կոնֆերանսին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ կոնֆերանսը կոչվել է «Մշակութային միջավայրը առանձին տարածաշրջանում, ընդհանուր մշակութային միջավայրը երկրում» (Культурная среда в отдельном регионе - общая культурная среда в стране):
«Փետրվարի 19-21-ը Սոչիում կազմակերպվել էր միջազգային կոնֆերանս, որին հրավիրված են եղել մի շարք ֆիլհարմոնիաներ, երաժշտական հաստատությունների տնօրեններ և երաժշտական թանգարանների ներկայացուցիչներ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, որպես երաժշտական թանգարանների ասոցիացիայի անդամ, նույնպես հրավիրված էր մասնակցելու միջոցառմանը»,-շեշտեց Արմինե Գրիգորյանը:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենի խոսքով` ինքը կոնֆերանսի ընթացքում շփվել է թանգարանների, ֆիլհարմոնիաների գործընկերների, երաժշտական հաստատությունների ներկայացուցիչների հետ:
«Հիմնականում քննարկվում էին մարքեթինգի հետ կապված, այցելուների խնդիրն ավելացնելուն առնչվող հարցեր: Ես ներկայացրի մեր թանգարանը: Տեղի ունեցավ նաև փորձի փոխանակում: Բավականին արդյունավետ էր: Ներկա էր նաև ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ով փակմանը հանդես եկավ ելույթով»,-հավելեց նա:
Արմինե Գրիգորյանը նշեց, որ առիթ է ունեցել նաև մասնակցելու Արվեստների միջազգային ձմեռային փառատոնին, որի գեղարվեստական ղեկավարն է Յուրի Բաշմետը:
«Հնարավորություն եղավ շփվելու երաժիշտ կատարողների հետ և ներկա լինելու փառատոնի համերգներից մի քանիսին: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հիմնականում երաժշտական թանգարանների և ֆիլհարմոնիաների հետ: Շրջանակներն ընդլայնվել են, կարելի է համագործակցել ոչ միայն թանգարանների, այլև համերգային կազմակերպությունների հետ` ներկայացնելով Խաչատրյանի կենսագրությունը, գործունեությունը, նաև երաժշտությունը»,-հավելեց Արմինե Գրիգորյանը: