Գեղարքունիքում նախապատրաստվում են արագ ձնհալի հետևանքով սպասվող հեղեղավտանգ իրավիճակին
SocietyԳեղարքունիքի մարզը գոտեւորող լեռնաշղթաներում եւ դաշտերում կուտակված առատ ձյան արագ հալոցքի դեպքում կարող է հեղեղավտանգ իրավիճակ ստեղծվել մի շարք բնակավայրերում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Խաչիկ Բուդումյանը, սպասվող հեղեղումներից առավել անհանգստացած են Սեւան թափվող գետերին մերձակա համայնքների բնակիչները, որոնք մեկ անգամ չէ, որ տուժել են գարնանային վարարումներից:
«ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության եւ համայնքապետարանների հետ համատեղ մշակել ենք հակահեղեղային միջոցառումների ծրագիր, որը ներկայացրել ենք Գեղարքունիքի մարզպետի քննարկմանը եւ հաստատմանը: Մեր առաջնահերթ խնդիրն է` պատրաստ լինել տեխնիկական համապատասխան միջոցներով եւ վառելանյութով, որպեսզի կարողանանք արագորեն արձագանքել սպասվող հեղեղումներին: Այս պահին դժվար է գնահատել, թե որ համայնքներն են լինելու առավել վտանգված, սակայն արագ ձնհալի դեպքում հեղեղումները դառնալու են անխուսափելի:
Հեղեղավտանգ իրավիճակի նվազեցման հաջորդ նախապայմանը Սեւան թափվող գետերի եւ հեղեղատարների ափերի կառուցապատումն է բնակավայրերի ներսում, որն իրականացվում է փուլ առ փուլ, կառավարության կողմից հատկացվող միջոցներով եւ տեւելու է տարիներ»,-նշեց վարչության պետի տեղակալը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի տեղեկացմամբ` այս տարի Գեղարքունիքում ձնածակույթը գերազանցում է նախորդ մի քանի տարիների ձմռան ընթացքում ձեւավորված ձնածածկույթներին, իսկ փետրվարյան բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ ծովի մակարդակից մինչեւ 2000 մետր բարձրություններում սկսված ձնհալը եւ եղանակային հետագա կանխատեսումներով սպասվող ջերմաստիճանի բարձրացումը արդեն իսկ անհանգստացնող են:
«Վտանգավոր իրավիճակի պետք է սպասել, երբ ծովի մակարդակից 2000-3500 մետր բարձրություններում, որտեղ կուտակված է մեծ քանակությամբ ձյան պաշար, սկսվի արագ ձնհալը տաք ջերմաստիճանի, քամիների եւ անձրեւների ազդեցությամբ: Նման դեպքում Սեւան թափվող գետերը եւ հեղեղատարները կարող են դուրս գալ իրենց ափերից: Իսկ լավագույն ելքն այն կլինի, որ բարձրություններում կուտակված ձյան հաստ շերտը հալվի աստիճանաբար, որի դեպքում նվազագույնի կհասցվի վտանգավոր իրավիճակը: Ամեն դեպքում պետք է պատրաստ լինել սպասվող իրավիճակին»,-նշեց Համբարձում Համբարձումյանը:
Խոսրով Խլղաթյան