Գրողների միության ամենամյա մրցանակները գտան իրենց տերերին
SocietyՀայաստանի գրողների միությունը մրցանակներ հանձնեց ստեղծագործական ակտիվ գործունեություն ծավալած և աչքի ընկած գրողներին:
«Մեր գրական մրցանակները կրում են դասականների անունները, և արդեն ամեն ինչ ասում են: Գրողների շրջապատում գրական մրցանակները երկյուղած են ընդունում, լուրջ մրցակցություն է լինում դրանց համար: Գրական աշխարհում ֆինանսական կողմն առանձնապես շատ չի հետաքրքրում մարդկանց: Կարևորը գրական վաստակով մրցանակ նվաճելն է, ես սա համարում եմ պատվի խնդիր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցանակաբաշխության մեկնարկին նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նրա խոսքով` մրցանակ ստանալու ցանկությունը նորմալ է:
«Այս մրցանակները ոչ այնքան գրողին են հարկավոր, այքան ընթերցողներին, մեր ընթերցողներն ուշադրություն կդարձնեն հեղինակին, գրքին, մանավանդ այսօր»,-շեշտեց ՀԳՄ նախագահը:
Մրցանակաբաշխության ժամանակ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակն ստացավ Սուսաննա Հարությունյանը: Լևոն Շանթի անվան մրցանակին արժանացավ Կարինե Խոդիկյանը, Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին՝ Դավիթ Հովհաննեսը: Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը հանձնվեց Սամվել Բեգլարյանին: Իսկ Ֆելիքս Բախչինյանն արժանացավ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակին:
«Ես շնորհակալ եմ, որ գնահատվել է իմ աշխատանքը: Պիես կարդալը դժվար է, բայց Լևոն Շանթի անունը պարտավորեցնում է»,-նշեց արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:
Մրցանակակիր Սամվել Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար: «2015 թվականն ինձ համար բեղմնավոր տարի էր, մի քանի մրցանակների արժանացա: Սահմանում գրելն ուրիշ է: Իմ տնից թուրքի սահմանը հեռու է1500 մետր: Հիվանդանոցն իմ տան աջ կողմում է, ամեն գիշեր ձայներ եմ լսում»,-շեշտեց նա` հավելելով, որ տեսածը գրքին է հանձնում: