ԼՂՀ-ի և Աբխազիայի անկախացումից հետո երկու երկրների միջև գործում է առանց վիզային ռեժիմ. ԼՂՀ ԱԳՆ
SocietyՌուսական մամուլի տեղեկացմամբ` Աբխազիան ազատ վիզային ռեժիմ է սահմանում Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի Հանրապետությունների հետ: Շաբաթասկզբին նման հայտարարություն էր կատարել Աբխազիայի արտաքին գործերի փոխնախարար Կան Թանիան: «Արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբան հանձնարարել է Աբխազիայի արտգործնախարարության միջազգային-իրավական բաժնին մեր բարեկամների` Մերձդնեստրի Մոլդավական և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հետ փոխադարձ ազատ այցելությունների մասին համաձայնագրերի նախագծեր մշակել»,- հայտարարել էր Աբխազիայի ԱԳ փոխնախարարը` նշելով, որ նման պայմանագրերի նախապատրաստման անհրաժեշտությունը ծագել է այն օրենքի ընդունումից հետո, որի համաձայն՝ Աբխազիայի անկախությունը չճանաչած պետությունների քաղաքացիները ապրիլի 1-ից զրկվում են ինքնահռչակ հանրապետություն առանց վիզայի մուտք գործելու իրավունքից:
Պետական պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող այս օրենքը վերաբերում է բոլոր այն պետություններին, որոնց հետ Աբխազիան ազատ վիզային ռեժիմ սահմանելու մասին համաձայնագրեր չի կնքել: Այս պահին Սուխումը նման պայմանագրեր ունի Ռուսաստանի և Նիկարագուայի հետ, իսկ Հարավային Օսիայի հետ ստորագրված համանման փաստաթուղթը վավերացման փուլում է:
Orer.am-ը ԼՂՀ ԱԳՆ-ից փորձեց պարզել, թե մինչ այս ԼՂՀ քաղաքացիները ինչպե՞ս են Աբխազիա մուտք գործել: ԼՂՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Սարգսյանն Orer.am-ին տեղեկացրեց. «ԼՂՀ-ի և Աբխազիայի անկախացումցից հետո երկու երկրների միջև գործում է առանց վիզային ռեժիմ, սակայն տվյալ հարցի վերաբերյալ նոր առաջարկներ Աբխազիայի կողմից մենք չենք ստացել»:
Ա. Գրիգորյան