Արմեն Աշոտյանը` լրագրողական «ֆենթզի» ժանրի մասին
SocietyԱզգային ժողովում լրագրողների հետ զրույցում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խոսեց ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի մասին: Լրագրողների այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն նախարարին զոհաբերեց ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի համար, Ա. Աշոտյանն պատասխանեց. «Ես, երեւի թե, առաջիկա օրերին մի քիչ ազատ կլինեմ, ու կկարողանամ ծանոթանալ ձեր լրագրողական «ֆենթզի» ժանրի վերջին հրապարակումներին, անպայման նաեւ այս թեմայով: Երբեմն տպավորություն ունեմ, որ մենք Հարրի Փոթերի պոտենցիալ հեղինակների ենք կորցնում լրատավական դաշտում»,- ասաց նա:
Իսկ այն հարցին էլ, թե եթե հնարավորություն լինի կրկին գործադիր մարմին վերադառնալու, ի՞նչ ոլորտ կնախընտրեք, Ա. Աշոտյանն այսպես արձագանքեց. «Ես, կարծում եմ, բավականաչափ հմուտ եմ, որպեսզի կարողանամ թաքցնել այն, ինչ ուզում եմ հիմա արտահայտել»: Հարցին էլ, թե շարունակելո՞ւ եք նույն ոճով հմտորեն թաքցնել այն, ինչ ուզում եք ասել, Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց. «Միշտ այդպես է եղել: Վստահ եմ՝ դուք ինձ կկարոտեք, բայց երկար չեք կարոտի, որովհետեւ կյանքն այնպես դասավորվեց, որ այս յոթ տարիների ընթացքում ձեր ճնշող մեծամասնությունն ինձ երեսուն տոկոսի հարցերը ուղղում էր` որպես կրթության նախարարի, յոթանասուն տոկոսով ձեր հարցերը քաղաքական էին»:
Ա. Աշոտյանը նկատեց, որ ինքը պաշտոնավարել է մեկ անգամ, բայց յոթ տարի, իսկ Լեւոն Մկրտչյանի դեպքում պետք է հաշվարկել նրա պաշտոնավարման ժամկետը, ոչ թե նշանակումների քանակը: Հարցին՝ այսինքն՝ Ձեր փորձառությունը ավելի շա՞տ է, Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց. «Դե, եթե մաթեմատիկական բազային գիտելիքներդ ներում է, այո»:
Հարցին՝ Լևոն Մկրտչյանի փորձառության պակասից ոլորտը չի՞ տուժի, Ա. Աշոտյանն այսպես ասաց. «Վստահաբար՝ ոչ, պարոն Մկրտչյանը շատ փորձառու նախարար է, որին ես ճանաչել եմ դեռ ուսանողական տարիներից, ու վստահաբար գալիք տարիների ընթացքում նա կշարունակի այն, ինչ ես շարունակում էի նրանից հետո»:
Լրագրողներից մեկի այն հարցին էլ՝ փաստորեն ՀՅԴ-ն կադրերի պակաս ունի՞, Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց. «Մենք, իհարկե, կնքելու ենք համագործակցության հուշագիր, բայց դա ինձ չի պարտավորեցնելու պատասխանել նրանց փոխարեն»: