Ջրային տնտեսության պետական կոմիտեին կհատկացվի 610 մլն դրամ
EconomicsՀՀ կառավարությունը գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին կհատկացնի ավելի քան 610 մլն դրամ:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 25-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման` այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ոռոգման ծառայություններ մատուցող ջրօգտագործողների ընկերություններում առաջացել են էլեկտրաէներգիայի գծով և «Սեւան-Հրազդանյան ջրառ», «Ախուրյան-Արաքս» ՓԲԸ-ի կողմից մատակարարված ոռոգման ջրի դիմաց կրեդիտորական պարտավորություններ: Ըստ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի՝ վերը նշված պարտքերի վճարումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով:
Ջրօգտագործողների ընկերությունների փոխարեն եւ նրանց անունից կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Սեւան-Հրազդանյան-ջրառ» եւ «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-երին համապատասխանաբար էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի դիմաց առաջացած պարտավորությունների դիմաց կվճարի մոտ 610 մլն դրամ:
Նշված գումարից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց կվճարվի ավելի քան 609 մլն դրամ: Իսկ «Սեւան-Հրազդանյան-ջրառ» եւ «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-երին ոռոգման ջրի դիմաց առաջացած պարտավորությունները մարելու նպատակով կվճարվի 1.5 մլն դրամ: