Գյումրու կենդանաբանական այգու արջերը տեղափոխվում են Ռումինիա, առյուծները` Մեծ Բրիտանիա
SocietyԳյումրու մասնավոր կենդանաբանական այգու կենդանիների խնդիրը վերջնական լուծում է ստացել: Արդեն հստակ է, թե արջերն ու առյուծները որտեղ են տեղափոխվելու:
Այս մասին Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Նրա խոսքով՝ արջերը տեղափոխվում են Ռումինիա, առյուծները` Մեծ Բրիտանիա:
«Երկու արջ և երեք առյուծ անմխիթար պայմաններում էին հայտնվել՝ պայմանավորված սեփականատիրոջ ֆինանսական վիճակի վատթարացմամբ: Այսօր խնդիրը լիարժեք կարգավորում է ստացել` շնորհիվ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի, համաշխարհային, տեղական գործընկերների համագործակցության: Արջերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, բուժզննում անցել, պատվաստվել և այժմ վերականգնողական փուլում են գտնվում: Առյուծները «Խոսրովի արգելոց»-ի հարևանությամբ առկա «Կովկասյան ապաստարան»-ում են, զննվում ու պատվա ստվում են»,-ասաց Խաչիկ Հակոբյանը:
Մեծ Բրիտանիայի «Peak Wildlife Park» կենդանաբանական այգու տնօրեն Քոլին Մաքդուգալի խոսքով՝ հենց այդ այգի են տեղափոխվելու առյուծները:
«Մենք այստեղ ենք, որովհետև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց Գյումրու կենդանաբանական այգու կենդանիների խնդիրը: Մենք պետք է առյուծների համար առաջարկենք բնակության վայր: Կենդանիների տեղափոխումը բարդ գործընթաց է, և մենք գնահատում ենք այդ հարցում Հայաստանի կառավարության աջակցությունը: Մենք մեր այգում առաջարկել ենք լայն տարածքներ առուծների համար: Ուրախ ենք, որ կարող ենք օգնել»,-ասաց Քոլին Մաքդուգալը:
Թե կենդանիները կոնկրետ ե՞րբ կտեղափոխվեն, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի հիմնադիր ՌուբենԽաչատրյանը դժվարանում է ասել:
«Կարծում եմ, արջերի տեղափոխումը առաջիկա մեկ ասվա ընթացքում կիրականացվի, առյուծների դեպքում դժվարանում եմ ժամկետներ նշել, որովհետև դրանցից մեկը շնչառական խնդիր ունի, հրավիրվել է կենդանաբույժ, և փորձում ենք առողջական խնդիրը լուծել»,-ասաց Ռուբեն Խաչատրյանը` նշելով, որ ծախսերը հոգում է Կենդանաբույժների համաշխարհային ծառայությունը:
Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ այս ամբողջ գործընթացում շատ կարևոր է հասկանալ, որ նման խնդիրները հնարավոր է կրկնվեն:
«Այժմ «Կովկասյան ապաստարան»-ում ստեղծվում է կարանտին: Դա ենթակառուցվածք է, որտեղ նման խնդրահարույց կենդանիները ժամանակավորապես կարող են բուժում ստանալ »,-ասաց Ռուբեն Խաչատրյանը:
Բնապահպանության նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ խնդրին տրվում է համակարգային լուծում: Աշխատանքային խումբը, համագործակցելով հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի հետ, առաջարկելու է լուծումներ: Կարգավորվելու է խնդրին առնչվող ամբողջ օրենսդրական դաշտը:
«Օրենսդրական դաշտը վերանայելով` փորձելու ենք այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Առաջարկվում է վայրի կենդանիներ պահելու գործունեությունը լիցենզավորել, լիարժեք կներկայացվեն բոլոր անհրաժեշտ պայմանները: Նախատեսում ենք ընդհուպ ունենալ ռեզերվային հիմնադրամ, որ նման խնդիրների դեպքում դրանք լուծենք տեղական ներուժով»,-հավելեց նախարարի տեղակալը: