Ներմուծման կրճատման արդյունքում առևտրային հաշվեկշիռը բարելավել է
EconomicsՀրապարակվել է հունվարի սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները: Այն որ, տնտեսական առումով ակտիվ դեկտեմբերի համեմատ, միշտ հունվարը մակրոտնտեսական ցուցանիշների անկում է գրանցում, գաղտնիք չէ՝ հունվարը միշտ համարվել է աշխատանքային և տնտեսական առումով ամենապասիվ ամիսը: Սակայն, դրական է, որ նախորդ տարվա հունվարի համեմատ, որոշ ցուցանիշներ աճ են գրանցել՝ մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 5,5 տոկոս, արդյունաբերությունը՝ 15,7 տոկոս, շինարարությունը՝ 5,1 տոկոս, ծառայությունները՝ 5,1 տոկոս, արտահանումը՝ 5,6 տոկոս:
Արդյունաբերությունը, իր 15,7 տոկոս աճը, կարելի է ասել, որ հիմնականում ապահովել է հանքագործական արդյունաբերության և էներգետիկայի հաշվին: Իմիջիայլոց, էլեկտրաէներգիայի արտադրությունը ևս ապահովել է 5,2 տոկոս աճ: Առաջին անգամ վերջին տարվա ընթացքում գրանցվել է արտահանման աճ: Հունվարի շինարարության ակտիվությունը շարունակությունն է դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին այս ոլորտում գրանցված բարձր ակտիվության: Հուսով ենք, որ շինարարության ոլորտը դուրս կգա նախորդ տարվա ճահճային վիճակից և հունվարյան ակտիվությունը կշարունակվի:
Բացասական է այն, որ անկում են գրանցել այնպիսի ցուցանիշներ, որոնք, թե´ ուղակիորեն, թե´ անուղակիորեն մատնաշնում են բնակչության գնողունակության անկումը՝ մասնավորապես՝ առևտրի շրջանառությունը՝ 2,7 տոկոսով և ներմուծման ծավալները՝ 22,7 տոկոս: Այս 2 ցուցանիշների միտումները արդեն տևական ժամանակ է շարունակվում են և դա անհանգստացնող միտում է:
Ներմուծման կրճատման արդյունքում, թեև առևտրային հաշվեկշիռը բարելավել է, սակայն սա այն վիճակը չէ, որի համար պետք է ուրախանալ: Թեև ներմուծման անկումը բացատրվում է տրանսֆերտների նվազմամբ պայմանավորված առևտրի ծավալների կրճատմամբ, ինչպես նաև համաշխարհային շուկաներում ապրանքների գների անկումով, սակայն հարց է առաջանում, թե ինչու այդ դեպքում տեղական շուկայում չի նվազում նույն ներմուծվող ապրանքների գները, որն էլ իր հերթին բացասական է ազդում առևտրի շրջանառության ծավալների վրա, այսպիսով ստեղծելով մեր տնտեսության կախարդական շրջապտույտներից ևս մեկը: