Հայաստանի վարչատարածքային վերաբաժանման խնդիրը կշարունակի լինել իշխանությունների օրակարգում
SocietyՀայաստանի վարչատարածքային վերաբաժանման խնդիրը բավականին երկար ժամանակ է, ինչ պետության օրակարգում է:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության մասին համաձայնագրում խոսվում է Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին:
«Համապատասխան հետազոտություն, ուսումնասիրություններ են կատարվում պատկան մարմինների կողմից: Վերջին շրջանում էլ եղել են մի քանի պիլոտային ծրագրեր, որոնք ուղղված են նրան, որպեսզի մենք գտնենք վարչատարածքային բաժանման լավագույն, օպտիմալ տարբերակը»,- նշեց Նաղդալյանը:
Նա հավելեց, որ չի կարող վստահաբար ասել, թե այս պահի դրությամբ այդ լավագույն տարբերակը գտել են:
«Սա դեռևս քննարկման և ուսումնասիրության թեմա է, և այս պիլոտային նախագծերը արված են հենց դրա համար, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ ճանապարհով կարող ենք առաջ գնալ, ինչ լավ կամ վատ կողմեր կարող է ունենալ այս կամ այն տարբերակը: Մենք այսօր փնտրտուքի գործընթացի մեջ ենք: Ես այն կարծիքին եմ, որ սա շատ կարևոր նշանակություն ունի երկրի հանրային կյանքը կազմակերպելու գործընթացի մեջ»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:
Նա հավելեց, որ այն համակարգը, որն այսօր կա, ունի ինչպես լավ, այնպես էլ խնդրահարույց կողմեր և չի կարող համարվել լավագույնը:
«Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ այս խնդիրը մեկն է այն խնդիրներից, որոնք մոտակա մի քանի տարիների ընթացքում լինելու են մեր օրակարգում: Նաև կարևորում եմ, որ այս հարցը ներառված է ՀՅԴ-ի հետ քաղաքական համագործակցության օրակարգում ևս:
Այն կուսակցությունները, որոնք ստորագրել են այդ համաձայնագիրը այս հարցում ունեն մոտեցումներ և լուրջ հնարավորություններ, որպեսզի այս հարցի շուրջ կարողանան գալ մեկ միասնական որոշման և մեր օրենսդրության մեջ առաջարկել համապատասխան փոփոխություններ»,- եզրափակեց Հերմինե Նաղդալյանը: