Վարչապետը հանձնարարեց ստուգել որոշ ՋՕԸ-ների ֆինանսական գործունեությունը
EconomicsՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց Ֆինանսների նախարարությանը ստուգել որոշ ջրօգտագործող ընկերությունների ֆինանսական գործունեությունը, ինչպես նաև տարիների ընթացքում առաջացած էլեկտրաէներգիայի պարտավորությունների հիմնավորումն ու անաչառությունը:
«Պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մար դիկ, ովքեր մեղավոր են էլեկտրաէներգիան չխնայելու և անհիմն ծախսեր կատարելու հարցում»,- կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետը:
Այսօրվա նիստում կառավարությունն ընդունեց «Ջրօգտագործողների ընկերություններում առաջացած պարտավորությունները մարելու մասին» որոշում, որի ընդունումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ ճեղքվածքը մարելու նպատակով 2016թ. ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակների հաստատելու անհրաժեշտությամբ:
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշեց, որ 799 մլն դրամը կծախսվի, մասնավորապես, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի դիմաց առաջացած պարտքի մարման համար: Նա տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարությամբ բանակցել են բաշխիչ ցանցերի հետ, և 2015թ. համար ամբողջական տույժ-տուգանքները՝ 250 մլն դրամի չափով, հանվել է և չի հաշվառվել: Գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ այստեղ, իրոք, կա խնդիր, որը քննարկվել է: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ուսումնասիրվել են բոլոր ֆինանսական պարտավորությունները, այդ թվում՝ նաև էլեկտրաէներգիայի: