Հայաստանի ամբողջ տարածքով սկսվում է քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման արշավ
SocietyՀայաստանի ամբողջ տարածքով սկսվում է քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման արշավ: Մեկնարկը տրվելու է մարտի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք «Դու մենակ չես» խորագրով բարեգործական համերգով: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց իրազեկման արշավի նախաձեռնող «Եվրոպա Դոննա» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Նվարդ Քոչարյանը, տեղեկատվական արշավի ընթացքում շեշտը դրվելու է մի քանի ուղղությունների վրա:
«Առաջին ուղղությունը կանխարգելումն է: Համաշխարհային փորձն է ցույց տալիս, որ կանխարգելման աշխատանքների շնորհիվ հնարավոր է խուսափել հիվանդությունների ծանր հետևանքներից, իսկ դրա համար նախ հասարակությունը պետք է տեղեկացված լինի: Նախորդ տարի մենք նույնպես մարզային այցելություններ ենք կատարել, պատկերն այնպիսին էր, որ իսկապես մարդիկ տեղեկացվածության խնդիր ունեն: Շատ տարածված բժշկական հետազոտությունների մասին կամ ընդհանրապես պատկերացում չունեն կամ տեղեկատվությունը քիչ է: Այդ իսկ պատճառով նախատեսում ենք մարզային այցելություննե րով ինչ-որ չափով լրացնել այդ բացը»,-ասաց Նվարդ Քոչարյանը:
Նա նկատեց, որ այսօր ինտերնետում շատ են հակասական տեղեկությունները: Կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է խնդրին առնչվող տարբեր մասնագետների հետ և, նրանց խորհուրդներն ի մի բերելով, առաջիկայում նախատեսում է հրապարակել տեղեկավական բրոշյուրներ, որոնք կտարածվեն մարզերում:
Կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, ով մարտի 3-ին սպասվող բարեգործական համերգի մասնակիցներից է, նշեց, որ նման արշավները կարևոր նշանակություն ունեն: Հասարակությունը պետք է իմանա, որ շատ բան կախված է հենց իրենից:
«Մեր կյանքում առաջին տեղում պետք է լինի առողջ ապրելակերպը: Կանայք բազմաթիվ միջոցներ են ծախսում կոսմետիկայի վրա, իսկ դրանցից շատերը վնաս են: Ես չէ, որ պետք է այս ամենի մասին խոսեմ, ավելի ճիշտ կլինի` ես նոտաների մասին խոսեմ, բայց չէի կարող չասել: Փորձենք հնարավորինս մեզ պաշտպանել` սկսած սննդից, մարզվելուց: Իսկ նրանք, ովքեր արդեն այդ խնդիրն ունեն, չպետք է հուսահատվեն, այլ լավատես լինեն ու հավատան, որ այլևս իրենց համար նոր էջ է բացվում, ավելի լուսավոր»,-ասաց Էդգար Գյանջումյանը:
Հասարակական գործիչ Սուսաննա Սերոբյանն, ով ունեցել է կրծքագեղձի քաղցկեղ և բուժվել է, շատ կարևորեց հաջողված պատմությունների ներկայացումը: Նրա խոսքով, հասարակությունը պետք է իմանա, որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ քաղցկեղով հիվանդներն ապաքինվում են և լիարժեք կյանքի են վերադառնում:
«Երբ պարզվում է, որ անձը քաղցկեղով հիվանդ է, մի անգամից խուճապ է, սթրես: Անհրաժեշտ է, որ մարդիկ տեղեկացված լինեն մյուս հիվանդների հաջողված պատմությունների մասին, թե ինչպես են նրանք հաղթահարել, ինչ ճանապարհ են անցել: Հավատացեք, դա ուժ է տալիս»,-ավելացրեց Սուսաննա Սերոբյանը:
Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է անապահով կանանց` կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար: