«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել ու զրուցել եմ Վարդգես Գասպարիի հետ. Զարուհի Փոստանջյան
SocietyԱյսօր ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, թերեւս ուշացումով, սակայն թարմ լուրերով ներկայացավ լրագրողների հետ ճեպազրույցին:
«Ես եղել եմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հանդիպել ու զրուցել եմ Վարդգես Գասպարիի հետ, որը Գեւորգ Սաֆարյանի հետ միեւնույն խցում է: Հայկ Կյուրեղյանի հետ եւս հանդիպել ենք, նա, սակայն, առանձին խցում է»,-ասաց նա՝ հավելելով. «Վարդգես Գասպարիի քրեական գործը ապօրինի է, որը մտահոգիչ է: Սա ահազանգ է բոլորիս համար: Նման հետապնդում յուրաքանչյուր անձի նկատմամբ հնարավոր է իրականացվի: Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է միայն նրա համար, որ, իբր թե, նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ: Սակայն չպետք է մոռանալ, որ դատական համակարգը վերից վար կոռումպացված համակարգ է, եւ դա նշանակում է, որ ապրում ենք դժոխքում»:
Պատգամավոր հիշեցրեց, որ տարբեր խմբակցությունների պատգամավորների կողմից միջնորդություն կա Վարդգես Գասպարիի խափանման միջոցը փոխելու համար. «Տեսնենք՝ դատարանի կողմից արդար որոշում կլինի՞, թե՞` ոչ: Վարդգես Գասպարին ասել է, որ բռնություններ են եղել խցում իր նկատմամբ. նա երկու ժամ մնացել է միջանցքում՝ գետնին պառկած: Պետք է նրա նկատմամբ խոշտանգումների փաստի առնչությամբ վարույթ հարուցվի ու պատժվեն մեղավորները: Մենք պետք է այս բռնաճնշումները կանխենք, որ ապագայում նմանատիպ փաստերի առաջ չկանգնենք»,- ասաց պատգամավորը հավելելով,- «Ինչ վերաբերում է քննիչի միջնորդությանը՝ Վարդգես Գասպարիին հոգեբուժարան տեղափոխելու վերաբերյալ, կարող եմ ասել, որ նման փորձաքննության համար պետք է լինեին հիմքեր, սակայն քննիչը ինքնակամ է որոշում կայացրել: Փաստաբանների միջամտությամբ դա կանխվել է: Նրանք մասնագիտացված քննիչներ են, որ գիտեն՝ ինչպես տանեն այդ քաղաքական հետապնդումները: Այդ քննիչը նաեւ Գեւորգ Սաֆարյանի քննիչն է: Մեր արդարադատության ոլորտում ամեն ինչ արվում է թելադրանքի, այլ ոչ թե իրավական տեսանկյունից»:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Վարդգես Գասպարիին ճնշելու, ցուցմունքներ կորզելու նպատակ են եղել. «Եթե ԱԱԾ կողմից չեն կարողանում կոտրել, նվաստացնել մարդուն, ապա նրան տեղափոխում են այս ՔԿՀ, որտեղ պրոֆեսիոնալներ են աշխատում: «Նուբարաշեն»-ում կարող են Վարդգես Գասպարիի նման կրթական բարձր ցենզ ունեցող ու իր իրավունքների համար պայքարող մարդուն տեղավորել քսանյոթ հոգանոց մի խցում, որտեղ տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք են, որտեղ ոչ տարիքային խումբն է համապատասխանում, ոչ էլ կրթական ցենզը: Այդտեղ նաեւ այնպիսի դաժան պայմաններ են, որ չես զգում ժամանակը: Այնպիսի խցեր կան նաեւ, որտեղ մարդը հնարավորություն չունի լիարժեք քնելու, քանի որ հերթափոխով են քնում, կարող է հեռուստացույցն ամբողջ օրը միացրած լինի, ամբողջ օրը աղմուկ լինի»: