Հայաստանն ԱԻ ոլորտում աշխարհի 10 բարձրակարգ երկրների շարքում է. Բրեդլի Բուզետտո
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն փետրվարի 26-ին ստորագրել են «ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների ու մարդասիրական օգնություն իրականացնո ղ անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու մասին» համաձայնագիր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UNOCHA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասսենը:
Փաստաթուղթը տիպական մաքսային համաձայնագիր է: Այն թույլ է տալիս աղետների դեպքում փրկարարական թիմներին արագ անցկացնել իրենց գույքը կարիքավոր երկրի սահմանից ներս: Աղետի դեպքում, ՀՀ ԱԻ նախարարությունը որպես իրավասու գերատեսչություն, պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերող ուժերի համար ապահովի գույքի և սարքավորումների արագացված և պարզեցված ռեժիմով ներկրում ու արտահանում:
Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակին ԱԻ նախարարության հետ ակտիվ համագործակցության համար` նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ այս կառույցի հետ համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն, որի ընթացքում իրականացվել են բազում արդյունավետ ծրագրեր: «2015թ. սեպտեմբերին մեր քաղաքային որոնողափրկարարական թիմը դարձավ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ: Երբ 2012-13թթ. խոսում էինք այդ մասին, դա հեքիաթ էր թվում՝ բարդ պահանջների պատճառով: Սակայն, նաև ՄԱԿ- ի աջակցությամբ մենք հաղթահարեցինք այդ պատնեշը: Եթե մեկս մյուսին նեցուկ չլինենք, խոշոր աղետների դեմ պայքարը շատ դժվար կլինի: Այս համաձայնագրի կնքումը վկայում է այն մասին, որ Հայաստանն, իրոք, ունի հզոր արտակարգ իրավիճակների նախարարություն և մեծ պատրաստակամություն՝ աջակցելու ցանկացած պետության»,- հավելել է նախարարը:
Շնորհավորելով համաձայնագրի կնքման կապակցությամբ` Բրեդլի Բուզետտոն մեծապես կարևորել է այս փաստաթղթի ստորագրումը՝ ընդգծելով, որ Հայաստանը հետայսու պատրաստ է միջազգային ցանկացած աղետի դեպքում ուղարկել արագ արձագանքման իր ուժերը անհամեմատ դյուրացված կարգով: «Հայաստանը Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո դարձել է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի առաջատար պետություններից մեկը` արտակարգ իրավիճակների ոլորտում պատրաստվածության տեսանկյունից: Սրա համար Հայաստանն արժանի է մեծ գովասանքի և ճանաչման, քանի որ այն այժմ դա սվում է աշխարհի տասը բարձրակարգ պետությունների շարքին, որոնք ունեն նման համաձայնագիր և օգտվում են մարդասիրական օգնության տրամադրման ու ստացման պարզեցված կարգից: Սա նաև շնորհիվ նախարար Արմեն Երիցյանի առաջնորդության և ձեր բոլորի համատեղ ջանքերի»:
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով, համաձայնագիրն առաջին հայացքից կարող է աննշան թվալ, բայց դրա բացակայության պարագայում Ինդոնեզիայի ցունամիից հետո միջազգային թիմերի մուտքն այդ երկիր մեծ խնդիրներ առաջացրեց: «Համաձայնագրի ստորագրումը նաև ապացուցում է Հայաստանի լուրջ մոտեցումը, կամքը և պատրաստակամությունը ոչ միայն ներքին, այլև արտաքին ռիսկերին և աղետներին արձագանքելու»,- նշել է Բրեդլի Բուզետտոն:
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը ստեղծվել է 1991թ. դեկտեմբերին: Նպատակը արտակարգ իրավիճակներին և բնական աղետներին համապարփակ արձագանքման ՄԱԿ-ի համակարգի հզորացումն է: