Հայաստանն ու Գերմանիան զարգացնում են ֆինանսատեխնիկական համագործակցությունը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բոնն քաղաքում սեպտեմբերի 17-ից 18-ը տեղի է ունեցել Ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման շրջանակում քննարկվել են ԳԴՀ կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային միջոցներով նախատեսված ծրագրերը, անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային դրամաշնորհային միջոցներով ծրագրերի ֆինանսավորման հարցին` ուղղված տնտեսության եւ զբաղվածության խթանմանը, որակի ստուգման ենթակառուցվածքների աջակցությանը, հանրային ֆինանսների կառավարման ծրագրի իրականացմանը:
Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն, որը հիմք կհանդիսանա երկկողմ ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության, ինչպես նաեւ վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման համար: