Պոռնկագրական նյութեր տարածելու մեջ մեղադրվող քաղաքացին արդարացվել է
SocietyՊոռնկագրական նյութեր տարածելու մեջ մեղադրվող, 26-ամյա Նարեկն արդարացվել է: Նման որոշում է կայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկը www.vk.com կայքում ստեղծել է անձնական էջ, որտեղ 2011թ. նոյեմբերի 24-ին տեղադրել է «Հայկական պոռնո Արմյանսկոյե պոռնո» վերնագրով պոռնկագրական բնույթի տեսանյութ, ապա տարածել այն համացանցում` տեսանյութի բովանդակությանը կայք հաճախող այլ անձանց հաղորդակից դարձնելու միջոցով:
26-ամյա Նարեկին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Դատաքննության ընթացքում Նարեկն իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունք տալուց: Պարզվել է, որ Նարեկը 2006թ.-ից հաշվառված է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում՝ «Թեթեւ աստիճանի մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ։ Նախաքննության ընթացքում նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Նարեկը տառապում է «Մտավոր պակասություն» ախտորոշմամբ սակավամտությամբ։
Դատարանը պարզել է, որ կայքի իր անձնական էջում պոռնկագրական բնույթի մեկ տեսանյութի տեղադրմամբ Նարեկը չի խախտվել այլոց իրավունքներն ու ազատությունները, քանի որ սույն գործով ձեռք բերված տվյալների համաձայն` էջում տեղադրված պոռնկագրական բնույթի մեկ տեսանյութում պատկերված են երկու անձ, որոնց ամբաստանյալը չի ճանաչել եւ նշված տեսանյութը ներբեռնել է բաց ինտերնետային կայքից: Բացի դրանից, տեսանյութը նա տեղադրել է միայն իր անձնական էջում եւ տեղադրված տեսանյութը հասանելի է եղել միայն այդ խմբում գրանցված 18 տարին լրացած անձանց:
Դատարանը Նարեկին առաջադրված մեղադրանքում ճանաչել է անմեղ եւ արդարացրել:
Մեղադրող կողմը, սակայն, համաձայն չէ դատավճռի հետ եւ արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի կայացրած որոշումն եւ նշանակել կատարված հանցագործության բնույթին եւ վտանգավորությունը համաչափ ազատազրկման ձեւով պատիժ: