Գեղամասար գյուղում համադասարանցի 2 տղաները տանջամահ են արել տարեց կնոջը
Societytert.am-ը գրում է.
Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում երկու համադասարանցիները՝ Դավիթ Կամոյի Ղարագյոզյանը և Վահե Հերոսի Գևորգյանը, տանջամահ անելու միջոցով սպանել են նույն գյուղի բնակիչ 73-ամյա Շուշանին: Երկու կասկածյալներն արդեն ձերբակալվել են և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ: Իսկ սպանության գործիք հանդիսացող պարանը, երեկ իրականացված փորձաքննության ժամանակ հանել են գյուղի խանութի քարի տակից և հանձնել իրավապահներին:
Այս մասին Tert.am-ի տեղեկությունները հաստատեց գյուղապետ Գարեգին Բեկյանը: Պատասխանելով հարցին, թե ինչ ընտանիքից են տղաները, գյուղապետը ներկայացրեց`« գյուղի մասշտաբներով` սովորական ապրող ընտանիքներից են»:
Կնոջ դին հայտնաբերվել էր փետրվարի 23-ին իր տան մոտ և ըստ նախնական վարկածի` նա մահացել էր տանիքից վայր ընկնելու հետևանքով, սակայն դատաբժշկական փորձաքննության արդյունքներով` պարզվել էր, որ նա խեղդամահ է արվել:
Նախնական տեղեկություններով` Շուշանը պատանիներին իր տուն է կանչել ալեհավաքի մալուխը վերանորոգելու նպատակով, սակայն նրանք չեն կարողացել վերանորոգել այն:
Տարեց կինը , ըստ գյուղապետի, բնակվել է հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող դստեր հետ, այլ հարազատներ գյուղում չէր ունեցել, իսկ Մոսկվայում բնակվող հարազատներից, քույրն է կնոջ հուղարկավորության օրը ժամանել Հայաստան:
Երեկ գյուղապետարանի միջոցներով տեղի է ունեցել կնոջ հուղարկավորությունը: