Էրդողանը հրաժարվել է ճանաչել ընդդիմադիր լրագրողների մասին ՍԴ որոշումը
International newsՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրաժարվել է ճանաչել Սահմանադրական դատարանի այն որոշումը, որ խախտվել են կալանքի տակ վերցված երկու լրագրողների իրավունքները։
Ուրբաթ օրը կալանքից ազատ էին արձակվել թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն ու Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեն Գյուլը։ Լրագրողներին կալանավորել էին նախորդ տարվա նոյեմբերին, ինչի համար պատճառ էր դարձել այն տեսանյութի հրապարակումը, որում թուրքական հետախուզությունն օգնում է Սիրիա զենքեր տեղափոխելուն։
Դրա հետ կապված՝ Էրդողանը հայտարարել է. «Ես ոչ մի խոսք չեմ ասի դատարանի որոշման դեմ, սակայն ես չեմ պատրաստվում ո՛չ համաձայնել դրա հետ, ոչ էլ ենթարկվել դրան։ Այստեղ ընդհանրապես գործ ունենք ոչ թե խոսքի ազատության, այլ լրտեսության հետ»։
Եվ այնուամենայնիվ, լրագրողներին դեռ սպառնում է ցմահ ազատազրկում։ Նրանց գործով հաջորդ դատալսումը նշանակված է մարտի 25-ին։ Նրանց արգելված է ներկայումս լքել երկիրը։