Չի բացառվում, որ Հյուսիսային պողոտայի զոհը դառնան պատկերասրահի և ֆիլհարմոնիայի շենքերը
SocietyԺամանակ առ ժամանակ հասարակության շրջանում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Արամի 30 հասցեում տեղակայված շենքը քանդելու հիմքում, իրականում, ընկած է Հյուսիսիային պողոտան մինչև Հանրապետության հրապարակ կառուցելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելը, կամ այլ կերպ ասած՝ ներկայումս կամաց-կամաց փորձ է արվում վերացնել առկա «խոչընդոտները» այդ հեռահար նպատակն իրականցնելու համար:
Շրջանառվող լուրերի համաձայն` վաղ թե ուշ քանդվելու է նաև Հայաստանի Պատկերասրահի շենքը, որտեղ գտնվում է նաև Հայաստանի Պատմության պետական թանգարանը, ինչպես նաև Ա. Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահի շենքը: Չար լեզուներն ասում են նաև, որ դրանից հետո նպատակ կա շարունակել Հյուսիսային պողոտան մինչև Հանրապետության հրապարակ:
Տեղեկություններ կան նաև, որ նույնիսկ վաղուց արդեն մրցույթ է հայտարարված Հայաստանի Պատկերասրահի նոր շենքի նախագծի համար: Այս և այլ հարցերի պարզաբանման համար Orer.am-ը դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որտեղից մեր հարցումներին պատասխանեցին, որ
«Համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման` համայնքներում շինարարության և քանդման թույլտվությունը տրվում է համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի կողմից:
Ինչ վերաբերում է Արամի 30 շենքի քանդման Ձեր կողմից նշված հիմքերին` հարկ է նշել, որ այն չի համապատասխանում իրականությանը, որի վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը տարածել է պաշտոնական տեղեկատվություն դեռևս 2016 թվականի հունվարի 18-ին »:
Ի դեպ` ակտիվ հղման մեջ խոսքը ոչ թե Արամի 30 շենքի մասին է, այլև՝ Արամի 36 շենքի, որն ամենևին էլ կապ չունի մեր կողմից նշված և արդեն հողին հավասերացված հասցեում գտնվող շենքի հետ:
Սակայն մեր՝ ՀՀ պատկերասրահի շենքի քանդման մասին հարցն այդպես էլ մնացել է օդում կախված, բայց այն, որ նոր պատկերասրահ կառուցելու հարցը ակտիվ քննարկման փուլում է, հստակ է: Այս հարցին ի պատասխան՝ ՀՀ քաղաքաշինության նախարարությունից Orer.am-ին պատասխանել են՝
«Ինչ վերաբերում է պատկերասրահին, ապա նշենք, որ ՀՀ կառավարության կողմից քննարկվում է Հայաստանի ազգային պատկերասրահի նոր մասնաշենք ունենալու հարցը, որի լուծման համար ՀՀ քաղաքաշինության նախարար Ն. Սարգսյանի առաջակով ընտրվել են ճարտարապետական տարբեր ձեռագրեր ունեցող մասակիցներ, ձևավորվել է փորձագիտական հանձնաժողով՝ Ճարտարապետների միության նախագահ Մ. Մինասյանի գլխավորությամբ:
Հայեցակարգային առաջարկությունների քննարկման արդյունքում հանձնաժողովը ներկայացրել է նախագծերի վերաբերյալ իր եզրակացությունը:
Ներկայացված նախագծերին կարելի է ծանոթանալ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում»:
Այսինքն` այն, որ ՀՀ պատկերասրահը առաջիկայում նոր հասցե կունենա, արդեն գաղտնիք չէ, սակայն այս պահին դեռևս պարզ չէ, թե, օրինակ, պատերասրահի ներկայիս տարածքն ինչ ճակատագիր կունենա: Ավելին՝ այդ շենքում են գտնվում այլ թանգարաններ ևս, և արդո՞ք մոտ ապագայում հերթը նրանց էլ չի հասնի, կրկին պարզ չէ:
Ի դեպ՝ սա այն հարցերից է, որ նման որոշումները պետք է նվազագույնը քննարկվի հասարակության լայն շերտերի հետ, իսկ առավելագույնը՝ հանրաքվեի դրվի, քանի որ օրինակ՝ դժվար է պատկերացնել, որ մի օր Ֆրանսիայի կառավարությունը գիշերը քնի ու առավորտյան որոշում կայացնի, որ Լուվրի թանգարանի համար նոր շենք պետք է կառուցվի, իսկ հին շենքն էլ բախտի քմահաճույքին մատնվի: Աբսուրդի ժանրից է, բայց այսօր իրավիճան այսպիսին է ու հետաքրքիր է, թե արդյո՞ք կառավարությունում քննարկում են այն հարցը, որ թանգարանները սուպերմարկետներ չեն, որ այսօր այտեղ բացեն, վաղն էլ այլ տեղ տեղափոխեն: Թանգարաններն ու պատկերասրահներն էլ ունեն պատմություն, որը հարգել է պետք, ոչ թե անվերջ քանդել:
Արմինե Գրիգորյան