Հաշվի առնելով Շուշան Պետրոսյանի էությունը՝ նրա խոսքերը չեն կարող դիտարկվել որպես սպառնալիք
SocietyԱյսօր ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը փակ նիստում քննարկեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի դեմ ներակայացված դիմումի քննությունը,- հայտնում է Orer.am-ը:
Հիշեցնենք, որ պատգամավորին կարգապահական տույժի ենթարկելու համար ԱԺ էթիկայի հանձնաժողով էր դիմել իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով գտնում է, որ Շուշան Պետրոսյանի` ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի մեկնաբանության տակ արված մեկնաբանությունը, այս պարագայում` պատգամավորի մեկնաբանությունը, հակասում է ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգի 6.1 հոդվածի 2 կետին:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հասցեին հնչեցված մեղադրանքներին ի պաշտպանություն` պատգամավորուհին գրել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ, ու ոնց ուզում ես` արձագանքի, ԼԱԿՈՏ»:
Այսօր արդեն ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը պարզաբանեց, թե ինչ են քննարկել եւ ինչ որոշում են ընդունել հանձնաժողովի անդամները:
«Օգտատեր Գայանե Շահինյանը բավականին կոշտ մտքեր էր արտահայտել, որին արձագանքել էր պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ փորձելով սաստել նրա մտքերի ընթացքը: Մեզ դիմել էր Սաքունցը՝ գտնելով, որ պատգամավորի վարքը հակասում է Ազգային ժողովի կանոնակարգի 6.1 հոդվածի 2 կետի պահանջներին, այն է՝ հարգել օրենքը եւ պահպանել էթիկայի կանոնները, եւ առաջարկում էր քննարկել հարցը»,- բացատրեց Հարությունյանը՝ հավելելով, որ հանձնաժողովն արձանագրել է` երկխոսությունը տեղի է ունեցել սոցիալական ցանցում, որտեղ ձեւավորվում են բացարձակապես միջանձնային հարաբերություններ. «Մենք նույնիսկ խորհրդատվություն ենք արել փաստաբանների հետ` պարզելու համար, թե որ դեպքում «աչքերդ կհանեմ, լակոտ» արտահայտությունը կարող են դիտվել որպես սպառնալիք:
Փաստաբանները հիմնականում փաստում են հետեւյալը. հաշվի առնելով Շուշան Պետրոսյանի էությունը՝ նրա խոսքերը չեն կարող դիտարվկել որպես սպառնալիք, այլ դրանք պարզապես սաստելու փորձ են»,- ասաց Հարությունյանը: