Քամին ու ջուրը շատ են. Արամ Մանուկյան
InterviewԹեպետ իշխանությունը օր օրի ավելի է մեծացնում իր թիմը տարբեր պայմանավորվածությունների եւ քաղաքական հուշագրերի տեսքով, այնուամենայնիվ, ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող ուժերը շարժվում են առանձին-առանձին:
Ընդդիմադիր նորաստեղծ ուժերի եւ դրանց կողմից իրականացվող քայլերի մասին Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ. «Ընդդիմադիրները պետք է որոշակի փորձաշրջան անցնեն, որ կարողանանք նրանց քայլերին գնահատական տալ:
Չեմ կարող ասել, թե որքան կտեւի այն, ամեն կուսակցությունում մի ձեւ է ընթանում՝ մեկի մոտ արագ, մյուսի մոտ դանդաղ: Ամեն դեպքում կարող եմ ասել, որ ընդդիմադիր նոր ուժերի մեկնարկը հուսադրող չէր, քամին, ջուրը շատ են, իսկ գործը՝ քիչ»:
Հարցին, թե արդյոք արմատական ընդդիմությունը համապատասխան առաջարկի դեպքում պատրաստ կլինի՞ ընդունել մյուս ընդդիմադիր ուժերին իրենց շարքերը, պատգամավորը պատասխանեց. «Եթե իրենք դիմեն ու ասեն, թե ինչի համար են գալիս մեզ մոտ եւ ինչ են առաջարկելու, ապա կքննարկենք, ինչու՞ ոչ»:
Ա.Մանուկյանը գտնում է, որ իսկական ընդդիմությունը պետք է լուրջ գործերով զբաղվի.
«Օրինակ` ես հիմա զբաղված եմ Ընտրական օրենսգրքի մշակմամբ, միջազգային կառույցների հետ աշխատանքներով, մեր կառույցները պնդացնելով, հրապարակային միջոցառոմներ անելով, քաղբանտարկյալներին ազատելով եւ, իհարկե, Ազգային ժողովում մեր կուսակցությանը եւ մեր ժողովրդին հուզող հարցերը բարձրացնելով »,- ասաց նա:
Սոսե Չանդոյան