Նախարարը հանրային առողջապահության ծրագրերի նկատմամբ ակնկալում է հասարակական աջակցություն
SocietyՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անհրաժետություն է համարում հանրային առողջապահական ծրագրերի շուրջ միասնական հասարակական կարծիքի ձևավորումը: Նրա խոսքով` արհեստավարժ մոտեցումները, որոնք դեռ տասնյակ տարիներ առաջ որոշիչ էին, ներկայում չեն կարող գոյատևել` առանց հանրային կարծիքի գերակայության:
Այս հարցին նախարարն անդրադարձավ «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովի շրջանակներում կայացած լրագրողների հետ ճեպազրույցում: «Մենք կոչ ենք անում, որ լրատվամիջոցների, հասարակական քաղաքական գործիչների շրջանում ձևավորվի հստակ դիրքորոշում` մասնավորապես, պատվաստանյութերի, ծխելու դեմ պաքարի, սննդի հարստացման, ֆիզիկական ակտիվության, սքրինինգային ծրագրերին մասնակցության, բժշկին վաղ դիմելու հարցերում»,- ասաց Արմեն Մուրադյանը` շեշտելով, որ առողջությունն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ձեռքբերումների հիմքը:
Նա մտահոգիչ համարեց փաստը, որ աշխարհում առողջապահական համակարգում ֆինանսական ռեսուրսների 95 տոկոսն ուղղվում է հիվանդությունների ախտորոշմանն ու բուժական եղանակներին: «Դա անվերջ ռեսուրսների խնդիր է բարձրացնում երկրում` անկախ այդ երկրի տնտեսական վիճակից»,-ասաց Արմեն Մուրադյանը: