«Ժողովուրդ». «Էս որ թիվն է, որ մարդուն մեռնելու աստիճան ծեծեն». մի խումբ բնակիչներ փակել էին դեպի Վարդենիս տանող ճանապարհը
Երեկ Ծովակ համայնքի մի խումբ բնակիչներ փակել էին իրենց գյուղից դեպի Վարդենիս քաղաք մտնող ավտոճանապարհը: Պատճառը երկու օր առաջ վարդենիսցիների կողմից Ծովակի երկու բնակիչների' հայր եւ որդու դաժան ծեծի ենթարկելու դեպքն էր:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից armlur.am-ին հայտնել էին, որ սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին 1995թ. ծնված Մանուկը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենան հանդիպել է դիմացից երթեւեկող ՎԱԶ 21/150 մակնիշի մեքենային: Վարորդները ճանապարհը չեն զիջել միմյանց: Արդյունքում Հրավարդ Սարգսյանը (Գագիկ) եւ նրա որդին՝ Մանուկ Սարգսյանը, մյուս մեքենայի երկու անծանոթների հետ վեճի են բռնվել, որի ժամանակ էլ անծանոթները ծեծել են Մանուկին եւ նրա հորը՝ գանգուղեղային տրավմայի ենթարկելով Գագիկին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ 38-ամյա Մարտին Հակոբյանը, 27-ամյա Զոհրաբ Կարապետյանն ու 27-ամյա Հրանտ Շաբոյանն են եղել Ծովակի բնակիչներին ծեծողները: Ավելին՝ տղաներն իրենց վայրագությունն անելուց հետո փակել են տան դռներն ու փախուստի դիմել: Եվ հենց այս փաստն էլ խիստ զայրացրել էր Ծովակի բնակիչներին, ովքեր արդարության եւ հանցագործներին շտապ գտնելու պահանջով փակել էին Վարդենիս մտնող ճանապարհը:
«Էս որ թիվն է, որ մարդուն մեռնելու աստիճան ծեծեն: Գագոն նորմալ տղա էր, էդ խուլիգանները բռնել, էնքան են ծեծել, որ դժվար էլ ապրի: Բժիշկները հույս չեն տալիս ու նույնիսկ լուրեր կան, թե արդեն մահացել է: Մենք պահանջում ենք, որ լակոտներին գտնեն, բերեն. նրանք պիտի պատասխան տան: Վերջ պիտի տա՞նք բեսպրեդելին»,-armlur.am-ի հետ զրույցում նշել էր բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: