«Հոգու անարատ վիճակը» ֆիլմը պատմում է հայկական ինքնությանը վերադառնալ ցանկացող ծպտյալ հայի հուզումները
SocietyՅոթանասուն տարեկանում քրիստոնեություն ընդունած ու հայկական ինքնությանը վերադարձած դերսիմցի Հարություն Իրեսի կամ Երեցյանի պատմությունը ներկայացնող «Հոգու անարատ վիճակը» ֆիլմը մարտի 3-ին կցուցադրվի Երևանի պետական համալսարանում: Ֆիլմի հեղինակը Հարություն Իրեսի թոռ Ուղուր Էգեմեն Իրեսն է, ով ֆիլմի միջոցով փորձել է փոխանցել յուրաքաչյուր ծպտյալ հայի ընտանիքի ապրումները, ինչն էլ արտացոլում է հարցի վերաբերյալ հասարակական ընկալումները: Արմենպրեսի փոխանցմամբ` Երևանում լրագրողների հետ հանդիպմանը պապ ու թոռ պատմեցին ինքնությանը վերադառնալու իրենց ընտանիքի ոդիսականը:
Հարություն Իրեսի խոսքով` ծնվել է Դերսիմում, բայց 1938 թվականին, երբ փոքր երեխա էր, ընտանիքի հետ աքսորվել է Քյութահիա, տարիներ հետո կրկին վերադարձել Դերսիմ: «Մեծերի պատմելով աքսորելիս բոլոր հայերին մեքենաների մեջ են մտցրել, տարել են անհայտ տեղ ու դաժանաբար սպանել: Ոմանք փրկվել են, այդ թվում` իմ ընտանիքի անդամները, մենք էլ երեխա ենք եղել, թաքցրել են մեզ, փրկվել ենք»,-պատմեց Հարություն Իրեսը: Մանկությունից նրա մեջ վառ է հիշողությունը, որ ծնողները գաղտնի աղոթում էին, բայց երբ իրենք հետաքրքրվում էին, ծնողները չէին բացատրում, հորդո րում էին չխառնվել այդ գործերին: «Հետո, երբ դպրոց էինք գնում, մեզ նկատի ունենալով` կողքից ասում էին` «սրանք հայեր են», մենք ծնողներից հետաքրքրվում էինք, թե ինչ է հայը, բայց մեզ ասում էին դա ձեր գործը չէ»,-վերհիշեց բանախոսը:
Այնուհետև երբ տեղափոխվել են Ստամբուլ, ավելի հանգիստ են ապրել: Որոշել է վերադառնալ իր արմատներին, քրիստոնեություն ընդունել, բայց կինը, ով ևս ծագումով հայ էր, դեմ է եղել դրան: «Նա ասում էր. «Մեզ որպես թուրք, մուսուլման են այստեղ ճանաչում, պետք չէ խոսել հայկական արմատների մասին»: Բայց ի վերջո կինս էլ համոզվեց այդ հարցում: Ես էլ պատվիրել եմ երեխաներիս ու թոռներիս, որ վերադառնան իրենց արմատներին»,-ասաց Հարություն Իրեսը: Նա պատմեց, որ Հայաստանում թանգարաններ է այցելել, ժողովրդի հետ շփվել, հուզվել: Իսկ ամենահուզիչը Հայոց ցեղա սպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ այցելությունն է եղել: Թանգարանի հուշամատյանում կարդացել է տողեր, թե իբր ցեղասպանություն չի եղել ու զայրացել է:
Ուղուր Էգեմեն Իրեսը, ով ծնվել և ուսում է առել Ստամբուլում, ակնատես է եղել իր տատի ու պապի վեճերին, փորձել հասկանալ խնդիրը: Կինոմատոգրաֆիստի ուսումը ստանալով ` որոշել է անդրադառնալ խնդրին ու այն ներկայացնել ֆիլմի տեսքով: Իրես կրտսերի խոսքով` երկու տարի պապի հետ աշխատանք է տարել, համոզել է, որ պատմի իր պատմությունը, քանի որ 1915-ի ու 1938-ի դեպքերի հետքերը խորը ներգործություն են ունեցել Հարություն Իրեսի վրա: «Տարիներ շարունակ ապրելով ու ընկալվելով որպես թուրք, երբ մենք որոշում ենք փոխել մեր ինքնությունը, մեր շրջապատում հարց է առաջանում, թե ինչ է կատարվում: Անգամ ընտանիքներում տարբեր սերունդների մոտ է այս հարցը հնչում` դրան գումարած հասարակական ճնշումները: Այս ֆիլմն ընտանեկան պատմություն է, որը խոսում է հասարակական նշանակության խնդրի մասին: Որքան էլ պապիս քայլը հպարտացնող է, բայց տատիս հակազդեցությունը ևս հասկանալի է»,-ասաց Ուղուր Էգեմեն Իրեսը:
Թուրքիայում տարբեր հաշվարկներով`միլիոնից ավելի ծպտյալ հայ է բնակվում, բայց համընդհանուր վախի մթնոլորտում նրանք խուսափում են բարձրաձայնել դրա մասին:
Ֆիլմը կցուցադրվի Երևանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնում մարտի 3-ին` ժամը 14:30-ին: