Լևոն Յոլյանը էլեկտրաէներգիայի սակագնի նվացեման խոստումներ կտա միայն ուսումնասիրություններից հետո
EconomicsՀՀ էներգետիկայի նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը խոստանում է հնարավորինս արագ ծանոթանալ ոլորտի խնդիրներին և փորձել գտնել առավելագույն արդյունավետ լուծումներ:
Յոլյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոստացավ որոշ ժամանակ անց մանրամասն խոսել ոլորտի վերաբերյալ:
«Խնդիրները բավականին բարդ են, լուրջ են, այդ հարցերին պատասխանելու համար պետք է բավականին խորանալ, ուսումնասիրել, փորձել համապատասխան օպտիմալ լուծումներ գտնել: Խոսք եմ տվել, որ պետք է լինեմ հրապարակային, թափանցիկ, պարզապես ամեն հարց իր ժամանակը պետք է ունենա: Ես էլ, որպես ՀՀ քաղաքացի, նախարար, շատ կցանկանամ, որ էլեկտրաէներգիայի սակագինը լինի շատ մատչելի, բնականաբար, պետք է ուսումնասիրեմ, հնարավորության պայմաններում միայն ձեզ խոստումներ տամ»,- ասաց Յոլյանը:
Միաժամանակ, նա դժվարացավ նշել՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի փոփոխության որոշումը քաղաքական, թե տնտեսական ենթատեքստ ուներ:
Հարցին՝ արդյոք իրեն նախարար նշանակելով իշխանությունները վարձահատույց եղան Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբում գործունեության դիմաց, Յոլյանն ասաց. «Ես ընդգարկված եմ եղել ոչ միայն «Այո»-ի շտաբում, այլև ԱԺ ընտրությունների ժամանակ ընդգրկված եմ եղել Հանրապետական կուսակցության, ինչպես նաև նախագահական ընտրությունների ընթացքում՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբերում»:
Հարցին՝ ինչու չի անդամակցում ՀՀԿ-ին՝ նորանշանակ նախարարը նշեց, որ ունի համապատասխան մոտեցումներ. բացի Կոմունիստական կուսակցությունից, որի շարքերն ընդունվել է ուսանաղական տարիներից, այլ կուսակցության անդամ չի եղել: