Հայաստանում համերգային ծրագրով տրվեց քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման արշավi մեկնարկը
SocietyՀայաստանում սկսվեց քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման արշավը: Մեկնարկը տրվեց Արամ Խաչատրյանի ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում կայացած «Դու մենակ չես» խորագրով բարեգործական համերգով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, իրազեկման արշավի նախաձեռնող «Եվրոպա Դոննա» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Նվարդ Քոչարյանը նշեց, որ տեղեկատվական արշավի ընթացքում շեշտը դրվելո ւ է մի քանի ուղղությունների վրա:
«Համաշխարհային փորձն է ցույց տալիս, որ կանխարգելման աշխատանքների շնորհիվ հնարավոր է խուսափել հիվանդությունների ծանր հետևանքներից: Մենք կոչ ենք անում բոլոր կանանց ժամանակ առ ժամանակ դիմել մասնագետին, խուսափել հնարավոր բարդություններից: Դա է ճիշտ ուղին, իսկ դրա համար նախ հասարակությունը պետք է տեղեկացված լինի: Այդ իսկ պատճառով մենք Հայաստանի ամբողջ տարածքով սկսում ենք քաղցկեղի դեմ պայքարի արշավը»,-ասաց Նվարդ Քոչարյանը:
Նա կարևորեց նաև արդեն նման առողջական խնդիր ունեցող մարդկանց հետ աշխատելը: Բազմաթիվ հաջողված դեպքեր կան, երբ հիվանդները բուժվել են և վերադարձել իրենց լիարժեք կյանքին: «Հաջողված պատմությունները հանրությանը ներկայացնելը նույնպես կարևոր է: Եվ դրանք պարզապես պատմություններ չեն, մեր կազմակերպության անդամների շարքում կան հենց այդպիսի կանայք, ովքեր անցել են այդ ճանապարհը և իրենք պատրաստ են կիսվել իրենց փորձով»,-ասաց Նվարդ Քոչարյանը:
Բարեգործական համերգին իրենց կատարումներով հանդես եկան Լեյլա Սարիբեկյանը, Էդգար Գյանջումյանը, Դավիթ Ամալյանը, Ալլա Լևոնյանը, Համլետ Գևորգյանը, Արսեն Գրիգորյանը, Մաշա Մնջոյանը, Վարդան Բադալյանը: Արտիստների կոչը մեկն էր` հետևողական լինել սեփական առողջության նկատմամբ և ժամանակին դիմել բժշկին:
Բարեգործական նպատակներով հավաքագրված գումարը ծախսվելու է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ սոցիալապես անապահով կանանց բուժման համար: Մարտի 20-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում կնեկայացվեն բարեգործական ծրագրի մանրամասները:
