30 տարվա ընթացքում 30 մլրդ դրամ ներդնելով հնարավոր կլինի լուծել բնակարանային խնդիր ունեցող ընտանիքների հարցը
SocietyՀայաստանի Հանրապետությունը, 30 տարի շարունակ 1 միլիարդ դրամ ներդնելով, կարող է լուծել Հայաստանում բնակարանային ապահովության խնդիր ունեցող ընտանիքների խնդիրը: Տարեկան 1 միլիարդ դրամ ներդնելու պարագայում հնարավոր կլինի լուծել 1900 ընտանիքի խնդիրը: Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի աշխատակազմի ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը` ներկայացնելով ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագրով նախատեսված սոցիալական բնակարանային ֆոնդի ներդրման ու իրականացման դրույթները: «Նախագծով առաջարկել ենք մի շարք ծրագրեր, այդ թվում` երիտասարդ ընտանիքների համար այսօր գործող բնակարանային պայմանների ապահովման կանոնակարգերի բարելավում, տարբեր տարիքային խմբերին պատկանող հղի կամ մայրացած կանանց աջակցություն, երիտասարդ ու բազմազավակ ընտանիքների աջակցության այլըտնրանքային մոտեցումների ներդրում` ժողովրդագրական զարգացման ազգային հիմնադրամի ստեղծմամբ»,- ասաց զեկուցողը:
Նրա խոսքով` երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովության ծրագիրը, որը ներդրվել է 2010 թվականին, հնարավորություն է տվել 5 տարվա ընթացքում Երևանում ու մարզերում շահառու դարձնել 1836 ընտանիքների: Սակայն, ծրագիրը որոշակի վերափոխումների ու թարմացումների կարիք ունի: «Կարծում եմ` խնդրահարույց է, որ նոր ձևավորված երիտասարդ ընտանիքը ստիպված է կատարել որոշակի կանխավճար մարզերում 1.6-1.8 միլիոն դրամ, իսկ Երևանում` 4.8 միլիոն դրամ: Բացի այդ ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն այն ամուսնական զույգերը, ովքեր գտնվում են մինչև 30 տարեկանի միջակայք ում, բայց ինչպես վիճակագրական տվայլներն են վկայում, գոնե 2014 թվականին տղամարդկանց ամուսնանալու միջին տարիքը մոտ է 30-ին, կանանց մոտ անցնում է 26 տարեկանը: Ամուսնությունից հետո մինչ դիմում են, արդեն տարիքային շեմի խնդիր է առաջանում: Մեր կողմից առաջարկվող փոփոխությունը կանխավճարի չափի նվազեցումն ու տարիքային շեմի բարձրացումն է, որոնք կարծում եմ բարերար ազդեցություն կունենան, որ ավելի մեծ թվով շահառուներ ընդգրկվեն ծրագրում»,-ասաց պաշտոնյան:
Ազգային ծրագրով շեշտադրվում է նաև այն ընտանքիներին բնակարաններով ապահովելու հարցը, ովքեր բնակվում են ժամանակավոր կացարաններում, կիսակառույց շինություններում, նախկին հիվադանոցների, մանկապարևտեզների, առողջարանների տարածքում, լիովին անօթևան են կամ էլ բնակվում են գերբնակեցված տներում: «Համաձայն 2011 թվականի մարդահամարի տվյալների` շուրջ 37 հազար տնային տնտեսություններ ունեն բնակարանի կարիք, նրանցից 13 հազար 786-ն ապրում է ժամանակավոր կացարաններում ու տնակներում, 2 հազար 260-ը` բնակության համար հարմարեցված տարածքներում, 130-ն ընդհանրապես անօթևան է: 21 հազար տնային տնտեսություններ ապրում են գերբնակեցված բնակարաններում»,-ասաց Վանիկ Բաբաջանյանը` շեշտելով, որ փորձ է արվել ներառել սոցիալական այն խմբերին, ովքեր արդի հիպոթեքային ծրագրերում չեն կարող ներառվել:
Այդ ծրագրից օգտվելու համար կարող են հաշվառվել Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունք չունեցող ընտանիքները, ովքեր իրենց սեփականությունը չեն օտարել համապատասխան ծրագիրը հաստատելուն նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում, ապրում են վթարային տնակներում, հիմնական ու ոչ հիմնական շինություններում, ժամանակավոր կացարաններում, բնակվում են հարազատների ու ազգականների մոտ, վարձակալությամբ, ապրում են սեփականության իրավունքով բնակելի տարածքում, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող բնակելի տարածքը փոքր է 9 քառակուսի մետրից: