Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է ԶՈւ զորամասերից մեկում
SocietyՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 4-ին` վաղ առավոտյան, անակնկալ այցով եղել է ԶՈւ զորամասերից մեկում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նպատակ ունենալով ստուգելու զինանձնակազմի առ օրյա ծառայության որոշ դրվագներ, ինչպես նաև ծանոթանալու զինծառայողների ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությանը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցի շրջանակում հետևել է անձնակազմի վերկացին, առավոտյան մարմնամարզության իրականացման, սպորտմասսայական միջոցառումների մեթոդապես ճիշտ և արդյունավետ անցկացման կարգին ու ժամանակացույցին:
Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում են եղել նաև զորամասի վերակարգի` հերթապահների և օրապահների պարտականությունների իմացությունը, դասացուցակների և ընդհանուր առմամբ՝ ծառայության կազմակերպմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:
Անականկալ այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը նախաճաշել է զորամասի զինծառայողների հետ, սննդի հետ կապված իր գոհունակությունն է արտահայտել ճաշարանի ստուգման մատյանում:
Հանկարծակի ստուգման արդյունքում արձանագրված որոշ թերությունները վերացնելու համար Սեյրան Օհանյանը առաջադրել է մի շարք խնդիրներ և համապատասխան հանձնարարականներ տվել զորամասի հրամանատարությանը: