ՀՔԾ վարույթ է ընդունվել փաստաթուղթ կեղծելու վերաբերյալ քրեական գործը
SocietyՔաղաքացի Կարեն Սուրիկի Ավետիսյանին կրկնվող տվյալներով անձնագրավորելու վերաբերյալ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կարեն Ավետիսյանը՝ ծնված 1977թ. մայիսի 14-ին, 1993թ. դեկտեմբերի 10-ին Անիի անձնագրային ծառայության կողմից առաջին անգամ փաստաթղթավորվել է նախկին ԽՍՀՄ նմուշի անձնագրով, ինչի հիման վրա 2001թ. նոյեմբերի 29-ին նույն անձնագրային ծառայությունից ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր: Նշված անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու հիմքով` 2006թ. նոյեմբերի 22-ին փոխանակվել է նոր անձնագրով:
Հիշյալ երեք անձնագրերում՝ որպես Կարեն Ավետիսյանի հաշվառման հասցե նշվել է՝ ք. Մարալիկ, Մադաթյան փողոց, 21 շենք, 7 բնակարան:
Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, միաժամանակ պարզվել է, որ Կարեն Ավետիսյանը 1995թ. մայիսի 3-ին Անիի անձնագրային ծառայության կողմից փաստաթղթավորվել է նախկին ԽՍՀՄ նմուշի մեկ այլ անձնագրով ևս: Նշված անձնագրի հիման վրա էլ 1995թ. հունիսի 6-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից Կարեն Ավետիսյանին տրվել է ՀՀ քաղաքացու մեկ այլ անձնագիր, որտեղ Կարեն Ավետիսյանի հաշվառման հասցե նշվել է «Մադաթյան փողոց, 21Ա շենք», իսկ ծննդյան տարեթիվը՝1978թ. մայիսի 14:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Մարալիկ քաղաքում «Մադաթյան փողոց, 21Ա շենք» հասցե գոյություն չունի, իսկ 1978թ. մայիսի 14-ին ծնված Կարեն Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Անիի բաժնում ծննդյան ակտային գրանցում չի հայտնաբերվել և վերջինիս ծննդյան վկայական չի տրամադրվել:
Դեպքի առթիվ 2015թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն: Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է: