Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի 5-րդ փառատոնն այս տարի ներկայանալու է ընդգրկուն ծրագրով
CultureԼեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի 5-րդ փառատոնը այս տարի ներկայանալու է ընդգրկուն ծրագրով:
Այս մասին նշեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը:
«Ուրախությամբ արձանագրեմ, որ մեր ջանքները արդյունք են տվել: Կառավարությունը հավանություն տվեց, որ փառատոնը դառնա ամենամյա: Այն անցկացվում էր երկու տարին մեկ, նախորդ տարի վարչապետի առաջարկով դարձավ ամենամյա: Այս տարի 5-րդ հոբելյանական փառատոնն է, բյուջեն վերանայվել է և հնարավորություն ստեղծվել ավելի լայն շրջանակ ընդգրել»,-ասաց Ժիրայր Դադասյանը:
Փառատոնն անցկացվելու է օգոստոսի 10-15-ն ընկած ժամանակահատվածում, Ծաղկաձորում: Ժիրայր Դադասյանի խոսքով, այս տարի ցուցադրություններ են լինելու Դիլիջանում և այլ քաղաքներում: «Մարդիկ հնարավորություն կունենան տեսնելու ինչպես դրսից եկած, այնպես էլ մեր մասնակիցների կատարումները: Դա շատ կարևոր քայլ էր կառավարության կողմից, շնորհակալ ենք դրա համար: Այն կարծիքին եմ, որ պետք է խրախուսել աշխատող մարդկանց: Այս ժանրը ունի զարգացման շատ լուրջ պոտենցիալ»,-ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Փառատոնին մասնակցելու է Մնջախաղի համաշխարհային կազմակերպության նախագահը: Այժմ քննարկվում է առաջին միջազգային մեծ կոնֆերանսն անցկացնել փառատոնի շրջանակում: Փառատոնին լինելու են մասնակիցներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Սերբիայից, Գանայից: Մասնակիցների ընտրությունը կատարվում է այնպես, որ փառատոնում բազմազանություն լինի: