Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը դատապարտում է Դեր Զորի եկեղեցու ականահարումը
Երեկ`սեպտեմբեր 22-ի առավոտյան, Աթենք ժամանելուց անմիջապես հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս խոր ցավով և հուզումով իմացել է Դեր Զորի եկեղեցու ականահարումը: Այս մասին տեղեկանում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից:
Վեհափառ Հայրապետին հասած տեղեկության համաձայն՝ Դեր Զորում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված եկեղեցու, նրան կից գտնվող թանգարանի և համալիրի ականահարումը ոճրագործ ձեռքերի կողմից ծրագրված ոճիր է:
Վեհափառ հայրապետը խստիվ դատապարտել է ոճրային արարքը՝ նշելով. «Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին և Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի օրը կատարված այս ոճիրը մենք բնութագրում ենք իբրև բարբարոսային արարք: Այս ոճիրի ետևում կանգնած ձեռքերը թող իմանա, որ մեր նահատակների հիշատակը և հանուն արդարության մեր ժողովրդի պայքարը խորհրդանշող Դեր Զորը, որպես Հայոց Ցեղասպանության նահատակների սրբավայր, հնարավոր չէ քանդել մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ:
Առավոտյան, Նորին Սրբությունը Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի և Աթենքի ու համայն Հունաստանի Արք. Երոնիմոս Բ. Արք.-ի հետ իր հանդիպումների ժամանակ լայնորեն անդրադարձել է Դեր Զորի եկեղեցու ու համալիրի ավերման ոճրային արարքին: Վեհափառ հայրապետը կոչ է ուղղել պետական, քաղաքական ու կրոնական պատասխանատուներին' խստորեն դատապարտել այս արարքը և այն օտար շրջանակների ուշադրությանը ներկայացնել: